Արարատ Միրզոյանն իր գործընկերոջ հետ խոսել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդյալնմանն առնչվող հարցերի մասին

Նոյեմբերի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարությունից։

Ի շարունակություն օգոստոսին՝ Բելգիայի ԱԳ նախարարի Երևան այցի շրջանակներում կայացած քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը և Հաջա Լահբիբը հանգամանալից անդրադարձել են թե՛ երկկողմ հարաբերությունների և ՀՀ-ԵՄ գործընկերության ընդյալնմանն առնչվող հարցերին, ընթացիկ ծրագրերին, թե՛ տարածաշրջանային օրակարգին։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, Երևանում Բելգիայի ռեզիդենտ դեսպանության բացման առնչությամբ և մտքեր փոխանակել առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, մարդկանց միջև շփումների և այլ ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ բնակչությանը Հայաստանում պատշաճ ընդունելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կարևորելով միջազգային գործընկերների աջակցությունը հայ փախստակնների կարիքների և իրավունքների հասցեագրման ուղղությամբ: Կարևորվել է ԼՂ-ում հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային կառույցների ներգրավվածությունը: