ՀԱՊԿ-ը չի պատրաստվում հեռանալ Հայաստանից․ միացյալ շտաբի պետ

ՀԱՊԿ-ում ոչ ոք չի ծրագրում հեռանալ Հայաստանից: Այս հայտարարությունն արեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ:

Խոսելով Հայաստանի Հանրապետության դժվարությունների մասին՝ Սիդորովը կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կգտնեն խնդիրների լուծման ճանապարհը:

«Կազմակերպությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին պաշտոնական հայտարարություններ չի ստացել Հայաստանի ղեկավարությունից»,- ասաց Սիդորովը:

Ինչ վերաբերում է 2023 թվականին ՀԱՊԿ միջոցառումների սահմանափակ մասնակցությանը, ապա, նրա խոսքով, պետության ներսում իրավիճակը կարող է տարբեր կերպ դասավորվել։

«Այստեղ մենք որոշումները չենք քննարկում։ Միևնույն ժամանակ Հայաստանը մասնակցում է թե՛ օրինաստեղծ գործունեությանը, կազմակերպության փաստաթղթերի ուսումնասիրմանը, թե՛ մշտապես գործող մարմինների գործունեության ֆինանսավորմանը: Գործընթացն ընթանում է»,- նշեց Սիդորովը։

Բուն ՀԱՊԿ-ում, ըստ նրա, ոչ մի խոսակցություն չկա այն մասին, որ կազմակերպությունը կորցրել է հետաքրքրությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ կամ պատրաստվում է հեռանալ Հայաստանից։