Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ ուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը. Հիքմեթ Հաջիև

«Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանը երկկողմ ուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը՝ համապատասխան բացատրական նշումներով, և մոտ ժամանակներս սպասում է Հայաստանի պատասխանին»,-X-ի իր միկրոբլոգում այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Չնայած մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին, հայկական կողմը երկու ամսից ավելի հետաձգում է փաստաթղթի իր տարբերակի ներկայացումը։ Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ սա պատմական հնարավորություն է, և խաղաղության պայմանագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա, հատկապես Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից հետո»,-գրել է Հաջիևը։

Ըստ նրա՝ հարցեր են առաջանում, թե ինչքանով է Հայաստանը դրան պատրաստ:

«Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ։ Ադրբեջանի կողմից առաջարկված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համաձայն՝ խաղաղության համաձայնագրի տեքստը կարող է ավարտվել ավելի արագ՝ երկկողմ ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակն այժմ Հայաստանի դաշտում է»,-գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը։