Ընդդիմադիր պատգամավորները զրկված են Ադրբեջանի հետ հայեցակարգային ռազմավարական փաստաթղթին ծանոթանալուց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պատգամավորները զրկված են Ադրբեջանի հետ հայեցակարգային ռազմավարական փաստաթղթին ծանոթանալու հնարավորությունից։

Նա հայտարարեց, որ երեք ընդդիմադիր պատգամավորների անունից, երկու անգամ՝ հոկտեմբերի 11-ին և 24-ին, ԱԳ նախարարին հարցում է ուղղվել։

«Առաջին գրությունում դիմել էինք ԱԳ նախարարին՝ պահանջելով  ծանոթանալ Նիկոլ Փաշինյանի արտահայտած, իբր, հայեցակարգային ռազմավարական փաստաթղթի հետ, որը պատրաստ է Ադրբեջանի հետ ստորագրելուն, որից խուսանավել է պատասխանել Արարատ Միրզոյանը։

Մյուսով պահանջել էինք ծանոթանալ այն առաջարկներին, որոնք Ադրբեջանը ներկայացրել էր Հայաստանին»։ Նրա խոսքով, մեկ ամիս է անցել, սակայն ԱԳ նախարարի կողմից երկու հարցումին էլ կոնկրետ պատասխան չի եղել և պատգամավորները զրկված են մինչև հիմա այդ փաստաթղթին ծանոթանալու հնարավորությունից։

«Որ Արարատ Միրզոյանն այստեղ լիներ, կհարցնեի՝ ինչո՞ւ չեք կատարում ձեր պարտականությունները,  փոխարենն առիթ-անառիթ փորձում եք պատգամավորների հետ ոչ նորմալ բառապաշարով խոսել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանն այսօր մեկնել է Բրյուսել։