Մեծ պատերազմից հինգ պակաս է, այլ խնդիր է՝ կհաջողվի՞ Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին կանխել այն. 10
Անուղղակիորեն և ուղղակիորեն վտանգված է նաև Հայաստանը
Սկիզբը՝ այստեղ
Իրանը չի բացառում, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի, բայց պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման: Նման կարծիք է հայտնել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) օդատիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն։
«Այսօր մենք տեսնում ենք, որ պատերազմն ընդլայնվել է, և դրա մեջ ներքաշվել է Լիբանանը,- ТАСС- ի փոխանցմամբ, ասել է Հաջիզադեն։- Չի բացառվում, որ հակամարտության մասշտաբները հետագայում միայն մեծանան։ Մենք չգիտենք, թե ինչ կլինի հետո, բայց Իրանը պատրաստ է իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին»:
«ԱՄՆ- ն Իրանին չի սպառնում»,- հավելել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին:
«Իրանը սկզբունքորեն չի գտնվում այնպիսի իրավիճակում, երբ նրան ինչ-որ մեկը կցանկանա սպառնալ, քանի որ մենք այժմ գտնվում ենք մեր ռազմական հզորության գագաթնակետին»,- ասել է Հաջիզադեն:
Ինչպես նշել ենք հոդվածաշարի նախորդած մասում, Պենտագոնը, խոսելով մերձավորարևելյան տարածաշրջանում (Իրաքում, Սիրիայում) իր ռազմաբազաների վրա հաճախակի դարձած հարձակումների մասին, հնարավոր է համարել ռազմական գործողություններ վարել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և նրա հետ կապված խմբավորումների դեմ:
«ԱՄՆ-ն առաջին անգամը չէ, որ մեզ սպառնում է հարվածներով, մենք սովոր ենք ամենօրյա սպառնալիքներին,- ավելի վաղ, «Վեդոմոստի»- ի տեղեկացմամբ, ասել էր Իրանի փոխարտգործնախարար Մոհամմադ Հասան Շեյխ Օլ-Իսլամին:- Բայց ամեն դեպքում, եթե դա տեղի ունենա, եթե նրանք նման տեսակի սխալներ թույլ տան, Իրանի պատասխանը դուրս կլինի բոլոր պատկերացումներից»:
Այսօր հերթական տեղեկությունը հրապարակվեց , որ իսրայելական հրետանին հարվածներ է հասցնում Լիբանանի սահմանամերձ շրջաններին՝ ի պատասխան շիական «Հըզբոլահ» կուսակցության զինված թևի գրոհայինների հարձակումներին: Կրակ է բացվել Թեյր- Հարֆա, Ջիբբին, Ալմաթ- էշ Շաաբ, Ումմ էտ- Թութ, Շեյխին և էդ- Դուհեյրա գյուղերի ուղղությամբ։ Ավելի վաղ շիաների ջոկատը ականանետային կայանքներից գնդակոծել էր իսրայելական բանակի դիրքերը էլ- Բայադում: Ի պատասխան՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել էին Էլ- Լյաբբունի բարձունքների և Բլիդա գյուղի վրա, որտեղից արձակվել են ռեակտիվ արկերը։
Ըստ «The Times of Israel» թերթի տվյալների, նոյեմբերի 12-ին «Հըզբոլահ»- ի կողմից հրթիռակոծության հետևանքով երկրի հյուսիսում գտնվող Դովև հրեական բնակավայրում վիրավորվել է 17 խաղաղ քաղաքացի: Լիբանանի հարավում նույն օրը վիրավորվել են Յարուն գյուղի երեք բնակիչներ։ Ինչպես արդեն նշել ենք, ցանկացած պահի Իսրայելի և «Հըզբոլահ»- ի միջև հակամարտությունը կարող է վերածվել լայնածավալ պատերազմի, ինչից հետո Իսրայելը կարող է դրանում ներքաշել ոչ միայն Լիբանանին ու զանգվածային ռմբակոծությունների ենթարկել նրա մայրաքաղաք Բեյրութը, այլև Իրանին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն օրերս հայտարարել է ամբողջ աշխարհին դիմակայելու պատրաստակամության մասին: Իսրայելը պետք է հաղթանակ տանի պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման նկատմամբ և անսասանորեն դիմակայի ամբողջ աշխարհին, եթե դա անհրաժեշտ լինի։ Այս մասին, ըստ իսրայելական «Times of Israel» պարբերականի, հայտարարել է հրեական պետության ղեկավարը:
Նաթանյահուի այս հայտարարությունը ոչ միայն ՀԱՄԱՍ- ը ոչնչացնելու և Գազայի հատվածը բռնազավթելու, այլև, հարկ եղած դեպքում, Իրանի, Լիբանանի, Սիրիայի, Եմենի, Հորդանանի, նույնիսկ Սաուդյան Արաբիայի և այլ պետությունների դեմ պատերազմելու նրա վճռականության արտահայտությունն է, անշուշտ, ոչ թե միայնակ, այլ ԱՄՆ- ին ներքաշելով այդ պատերազմի մեջ:
Սիոնիստական վարչակարգի առաջնորդն ընդգծել է, որ ոչ մի միջազգային ճնշում, ինչպես նաև պետության կամ զինծառայողների հասցեին կեղծ մեղադրանքներ չեն ազդի երկրի համառության վրա: Բնավ զարմանալի չէ, որ Գազայում իր ոճրագործությունների, ցեղասպանական քաղաքականության համեմատ նույնիսկ մեղմ մեղադրանքը Նաթանյահուն ներկայացրել է իբրև կեղծ, դա աշխարհի բոլոր ճիվաղներին բնորոշ ձեռագիր է:
Դեռ անցած ուրբաթ հրապարակված և ոչ այնքան թարմ տվյալներ ներկայացնող տեղեկատվության համաձայն, Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է շուրջ 11 000- ի, ևս 26 900- ը վիրավորվել է: Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են նույնիսկ ՄԱԿ-ի՝ Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալության ավելի քան 100 աշխատակիցներ (ուսուցիչներ, բուժքույրեր, բժիշկներ, օժանդակ անձնակազմ):
Իսրայելի վարչապետը փաստական և բարոյական սխալ է համարել Գազայի հատվածի ռմբակոծումը դադարեցնելու վերաբերյալ Իսրայելի պաշտպանության բանակին (ՑԱՀԱԼ-ին) ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձը: Նոյեմբերի 9-ին Մակրոնը մատնանշել էր Գազայի խաղաղ բնակիչների տառապանքները՝ նշելով, որ բոլոր կյանքերը հավասար են և երկակի ստանդարտներ գոյություն չունեն:
«Փաստացի այսօր ռմբակոծում են խաղաղ բնակչությանը, փաստացի,- անցած շաբաթ, «Коммерсантъ»– ի փոխանցմամբ , ասել է Մակրոնը BBC-ին տված հարցազրույցում (նրա խոսքերը մեջբերված են բրիտանական հեռարձակող կորպորացիայի կայքում)։ Այդ երեխաներին, այդ կանանց, այդ ծերերին ռմբակոծում ու սպանում են։ Այնպես որ, դրա համար ոչ մի հիմք և ոչ մի լեգիտիմություն չկա։ Այդ պատճառով մենք կոչ ենք անում Իսրայելին կանգ առնել»:
Ֆրանսիայի նախագահը համաձայն չէ, որ «Գազայի ռմբակոծությունն» Իսրայելի պաշտպանության լավագույն միջոցն է։ Նրա կարծիքով, դա կարող է հանգեցնել հակամարտության ձգձգման։ Այլ խնդիր է, թե Մակրոնն ինչու է անկեղծացել…
Եվրոպայի սրտում ամենամեծ մահմեդական համայնքները գտնվում են Ֆրանսիայում և Գերմանիայում, և Ֆրանսիայի ղեկավարը նվազագույն բարոյական աջակցություն ցուցաբերելով ցեղասպանվող պաղեստինցիներին, այսպիսով, կարծում ենք, փորձում է յուրօրինակ կերպով կաշառել իր երկրում ապրող մահմեդականներին, որպեսզի նրանց հսկայական պարսը երկիրը և հենց իր իշխանությունը ներսից չցնցի՝ Ֆրանսիան նետելով քաղաքացիական կամ միջէթնիկական պատերազմի անդունդը… Հիշեցնենք, որ Եվրոպայում թերևս ամենամեծ հրեական համայնքը նույնպես Ֆրանսիայում է գտնվում:
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության նախագիծը, «Известия»- ի փոխանցմամբ, Իսրայելին զենքի մատակարարումը դադարեցնելու կոչ է պարունակում:
Նիստի մասնակիցները միջազգային հանրությունից պահանջել են նաև հետաքննել Գազայի հատվածում ռազմական հանցագործությունները, վերացնել անկլավի շրջափակումը և այնտեղ հումանիտար օգնության շարասյուներ մտցնել: Բանաձևում նշվում է Պաղեստինի անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը՝ ՄԱԿ-ի ավելի վաղ ընդունած բանաձևերին համապատասխան:
Գագաթնաժողովի ընթացքում Կատարի Էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին ՄԱԿ-ին կոչ է արել միջազգային քննչական խումբ ուղարկել Գազայի հատված՝ անկլավի հիվանդանոցներին Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) հարվածները հետաքննելու համար: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը, իր հերթին, Իսրայելին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում:
«Ցնցող ու խորապես վրդովվեցնող է այն, որ հարվածների թիրախ են դառնում քաղաքացիական օբյեկտները՝ դպրոցները, հիվանդանոցները, մզկիթները, փախստականների ճամբարները,- նոյեմբերի 10-ին, «Известия»– ի տեղեկացմամբ , հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:- Շեշտենք, որ քաղաքացիական օբյեկտներին թիրախավորված հարվածները միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող խախտում են։ Իսկ միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը հրամայական է։ Ցանկացած պատերազմ ունի կանոններ»։
Նա նշել է, որ Իսրայելի հարվածների պատճառով, այդ թվում նաև՝ Գազայի հատվածի հարավային մասում գտնվող մզկիթներին, Գազայի հատվածում անվտանգ գոտիներ այսօր պարզապես գոյություն չունեն:
Նեբենզյան նշել է, որ միայն հրադադարը, այլ ոչ թե կարճատև դադարները թույլ կտան խուսափել զոհերից հակամարտության գոտում: Նա վստահություն է հայտնել, որ Մերձավոր Արևելքում տևական խաղաղության հասնել հնարավոր չէ առանց պաղեստինա-իսրայելական հարցի լուծման:
Դիվանագետը նաև ընդգծել է, որ մերձավորարևելյան հակամարտության լուծումը «ոչ մի դեպքում չպետք է կապված լինի պաղեստինցիներին իրենց բնակության վայրերից դուրս մղելու փորձերի հետ»: Նեբենզյայի համոզմամբ, այս «հին պատմական» խնդրի իրական լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի դրույթների վրա (խոսքը ՄԱԿ- ի որոշումների կատարմամբ Պաղեստին պետության ստեղծման մասին է՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով)։
«Վաշինգտոնի կողմից Գազայի հատվածում հրադադարի խաղաղ նախաձեռնությունների արգելափակումը տվյալ փուլում, և վերջին տարիների ընթացքում նրա միակողմանի գիծը, որն ուղղված էր, ինչպես իրենք են ձևակերպել, ստատուս քվոյի պահպանմանը, և նրա, այսպես կոչված, լուռ դիվանագիտությունն իրականում դժկամությունն էր՝ իրագործելու այն ամենը, ինչի շուրջ պայմանավորվել են երկրներն ու ժողովուրդները,- հավելել է Նեբենզյան։- Բանակցային ուղու վրա որևէ առաջընթացի բացակայությունը չէր կարող չհանգեցնել արմատականացման և պայթյունի»:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ «կոշտ զրույցներ» անցկացնել երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերի շուրջ, որոնց թվում կլինեն Պեկինի կապերը Թեհրանի հետ: Այս մասին, РБК- ի փոխանցմամբ, գրել «Politico»-ն՝ վկայակոչելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Բայդենը մտադիր է համոզել չինական կողմին՝ ազդել Իրանի վրա, որպեսզի վերջինս «չձգտի սրացման կամ բռնության տարածման Մերձավոր Արևելքում»: Նա հավաստիացրել է Թեհրանի կողմից ցանկացած «սադրիչ գործողություններին» ԱՄՆ-ի անհապաղ պատասխանը:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան