Մարշալի պլան. ինչպես Եվրոպան վերականգնվեց Երկրորդ աշխարհամարտից հետո՝ մասնակի կորցնելով թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական անկախությունը
1947 թվականին առաջին անգամ ներկայացվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո «Եվրոպայի վերականգնման ծրագիրը»։ Այն ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Ջորջ Մարշալը՝ կադրային զինվորական, որը փաստացի ղեկավարել է ամերիկյան բանակը 1942-1944 թվականներին։ Նախագահ Թրումանին, որը սառը պատերազմի էսկալացիայի կուրս էր որդեգրել, պետք էր մեկը, որ ունակ կլիներ աշխարհում ԱՄՆ-ի շահերն առաջ տանել ռազմական և տնտեսական միջոցներով։ Պարզվեց՝ Ջորջ Մարշալը հենց այդ մարդն էր։
«Մարշալի պլանը»
«Մարշալի պլանի» պաշտոնապես հայտարարված նպատակը (պաշտոնական անվանումն էր «Եվրոպական վերականգնման ծրագիր» – ERP/European Recovery Program) ավերված Եվրոպայի վերականգնումն էր, որտեղ զգացվում էր առաջին անհրաժեշտության ապրանքների և սննդի խիստ պակաս, հիպերինֆլյացիան մոլեգնում էր, և եվրոպական արժույթները գրեթե ոչինչ չարժեին:
Ծրագիրն ուժի մեջ է մտել 1948 թվականի ապրիլի 4-ին։ Ամերիկան չորս տարվա ընթացքում եվրոպական երկրներին տրամադրել է 12 317 000 000 դոլար (այսօրվա գումարով՝ 150 մլրդ դոլար) անհատույց օգնություն և էժան վարկեր։ Բայց փողը չափազանց անհավասար էր բաշխվում։
Ամենաշատ գումարը բաժին է ընկել Անգլիային, Ֆրանսիային, Իտալիային, Գերմանիային և Նիդերլանդներին։ Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրներից միայն Իսպանիան է մերժվել օգնություն ստանալու համար, քանի որ այնտեղ հաստատված Ֆրանցիսկո Ֆրանկոյի ռեժիմը չէր բավարարում Վաշինգտոնին։
Իրականում օգնություն էր առաջարկվում և Արևելյան Եվրոպայի, և ԽՍՀՄ երկրներին։ Ամերիկացիները, իհարկե, պատրանքներ չէին տածում այդ հարցում, բայց չէին խորշում վերահսկողության տակ վերցնել նաև խորհրդային շուկան։ Լեհաստանն ու Չեխոսլովակիան սկզբում նույնպես համաձայնեցին ԱՄՆ-ի օգնությանը, բայց հետո ԽՍՀՄ ճնշման տակ հրաժարվեցին դրանից։ Հրաժարվեց նաև Ֆինլանդիան՝ հասկանալով, որ ԽՍՀՄ-ի հետ խաղաղությունն ավելի շահավետ է։
Ծրագրում, ինչպես և պահանջվում էր ըստ մտահղացման, կար երկու բաղադրիչ ՝ քաղաքական և տնտեսական։
Տնտեսական բաղադրիչ
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ը միակ խոշոր արդյունաբերական տերությունն էր, որը չի ենթարկվել ավերածությունների։ Սա թույլ տվեց Միացյալ Նահանգներին գալիք տասնամյակներին դառնալ համաշխարհային տնտեսական առաջատար և դոլարը դարձնել աշխարհի հիմնական պահուստային արժույթը:
Բայց որպեսզի տնտեսությունը զարգանա, սպառման շուկաներ էին պետք։ Եվ «Մարշալի պլանի» համաձայն՝ Եվրոպան դարձավ այդպիսի շուկա։ ԱՄՆ-ը վերականգնում էր Եվրոպան, բայց, ըստ էության, ներդրումներ էր կատարում սեփական տնտեսության մեջ, քանի որ «Մարշալի պլանի» պայմանների համաձայն, փողը պետք է գնար ոչ թե բյուջեի անցքեր կարկատելու, այլ սննդի, վառելիքի, պարարտանյութերի և գյուղատնտեսական արտադրանքի (ալյուրի) գնման համար:
Քաղաքական բաղադրիչ
Այս մասին քչերն են խոսում, բայց փաստաթղթերում, ի թիվս այլ բաների, գրված էր մասնակից երկրների պարտավորությունը՝ իրենց կառավարություններից հեռացնել կոմունիստներին։ Ամերիկացիները իսկապես վախենում էին կոմունիստների հաղթանակից, քանի որ պատերազմից առաջ կոմունիստական տրամադրություններ կային Եվրոպայի որոշ երկրներում, իսկ հետպատերազմյան շրջանում կոմունիստական ազդեցությունն ավելի մեծացավ:
Եվ իրականում Կոմունիստական կուսակցությունները բոլոր երկրներում, որոնք ընդունում էին ԱՄՆ-ի օգնությունը, հեռացվեցին կառավարություններից՝ բացարձակ թքած ունենալով բոլոր ժողովրդավարական սկզբունքների վրա, որոնց մասին ԱՄՆ-ն այդքան բարձրագոչ հայտարարում էր և այն ժամանակ, և հիմա։
Բայց խոսքը միայն կոմունիստների մասին չէ, փաստորեն, ԱՄՆ-ը ցույց տվեց եվրոպական երկրներին, թե ինչպիսի կառավարություններ պետք է ձևավորվեն։ Այսինքն՝ եվրոպական երկրները տնտեսության արագ վերականգնման համար վճարեցին սեփական անկախության՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մասնակի կորստով։
Հաջորդ փուլը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ստեղծումն էր, որը ներառում էր «Մարշալի պլանի» մասնակից բազմաթիվ երկրներ։ Իսկ այս դեպքում ԱՄՆ-ից փողերը գալիս էին ոչ թե տնտեսությունը վերականգնելու, այլ փոխադարձ անվտանգության ապահովման պատրվակով: Սա եվրոպական երկրների ևս մեկ քայլ էր որոշումների կայացման հարցում իրենց անկախությունը կորցնելու ճանապարհին։
Երբ արդեն պարզ էր, թե ինչ է կատարվում, արդեն ուշ էր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կազմակերպված այս սխեմայից որոշ երկրներ դուրս գալու փորձեր բազմիցս են արել, բայց դրանք բոլորը ձախողվել են և անհաջողության են մատնվել:
«Մարշալի Պլան 2.0»
Հիմա եկեք դիտարկենք ներկա իրավիճակը: Եվրոպան լիովին կախված է ԱՄՆ-ից՝ հետևելով օվկիանոսի այն կողմից եկող ցուցումներին, թե որտեղ, ինչ և ինչ գնով գնել: Միացյալ Նահանգները ստիպում է Եվրոպային պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, սպառնալիքների և այլ միջոցներով ստիպում է եվրոպացի սպառողներին հրաժարվել ռուսական էժան էներգառեսուրսներից՝ փոխարենը առաջարկելով շատ ավելի թանկ իր տարբերակը:
Կապիտալները իրացնելու լավագույն միջոցը պատերազմներն են ամբողջ աշխարհում։ Սկզբում ամերիկյան կազմակերպությունները զենք են մատակարարում՝ զարգացնելով սեփական երկրի տնտեսությունը, իսկ հետո տնտեսական օգնություն են ցուցաբերում պատերազմից տուժած երկրները վերականգնելու համար՝ կրկին զարգացնելով սեփական տնտեսությունը։
BlackRock-ը և JPMorgan-ը կօգնեն Ուկրաինային հիմնադրամ ստեղծել երկրի վերականգնման համար
Ամերիկյան BlackRock և JPMorgan Chase ներդրումային ընկերություններն օգնում են Ուկրաինայի կառավարությանը ստեղծել երկրի զարգացման հիմնադրամ, որի շրջանակներում միջոցներ կհատկացվեն վերականգնման նախագծերի համար, գրում է «Ֆայնեյշլ թայմսը»:
Քանի դեռ Ուկրաինայի զարգացման հիմնադրամը պլանավորման փուլում է, սպասվում է, որ այն ամբողջությամբ կգործարկվի մինչև Ռուսաստանի «հատուկ գործողության» ավարտը, նշում է FT-ն:
Ներդրողներին նախագծի մասին կպատմեն Լոնդոնում կայացած խորհրդաժողովում, որը համատեղ կազմակերպել են Մեծ Բրիտանիան և Ուկրաինան, գրում է թերթը։ Մարտին Համաշխարհային բանկը հաշվարկել էր, որ Ուկրաինային «հատուկ գործողությունից» հետո վերականգնվելու համար կպահանջվի 411 մլրդ դոլար։ Արդյո՞ք սա «Մարշալի Պլան»-ի երկրորդ փուլն է ցույց կտա ժամանակը:
Նյութը թարգմանեց և պատրաստեց LIVEnews.am-ը