ՀՀ-ում կանանց շրջանում տարածված են կրծքագեղձի, արգանդի և ձվարանի քաղցկեղները, տղամարդկանց շրջանում` շնչափողի, բրոնխների, թոքի, հաստաղու, ստամոքսի և կոկորդի

«Հերացի» վերլուծականը շարունակում է Հայաստանում և աշխարhում մահացության հիմնական պատճառ հանդիսացող ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված իր հրապարակումները: Այսօրվա թեման է չարորակ նորագոյացությունների հիվանդացության և տարածվածության ներկա իրավիճակի վերլուծությունը, իսկ հաջորդիվ կներկայացնենք քաղցկեղի կանխարգելման և բուժման վերաբերող տվյալներ:

«Չնայած կանխարգելման և բուժման ոլորտներում վերջին տարիների բազմաթիվ հաջողությունների` այսօր աշխարհում շարունակվում է քաղցկեղի տարբեր տեսակների  առաջնային հիվանդացության աճը: Բարձր է մնում նաև մահացության մակարդակը: Ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության տվյալների` տարեկան քաղցկեղներից աշխարհում շուրջ 10 միլիոն մարդ է մահանում, որը մահացության կառուցվածքում զբաղեցնում է 2-րդ տեղը:

Տվյալները վկայում են, որ 2020թ.-ին աշխարհում առավել տարածված տեսակները եղել են կրծքագեղձի քաղցկեղը (2.26 մլն. դեպք), թոքի (2,21 մլն. դեպք), հաստ և բարակ աղու (1.93 մլն. դեպք), շագանակագեղձի (1,41 մլն.  դեպք), մաշկի (ոչ մելանոման) (1,2 մլն. դեպք) և ստամոքսի (1,09 մլն. դեպք) քաղցկեղները: Երեխաների շրջանում յուրաքանչյուր տարի զարգանում է քաղցկեղի շուրջ 400.000 նոր դեպք:

Չարորակ նորագոյացությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններից են ծխախոտի օգտագործումը, որն, ըստ տարբեր աղբյուրների, հանդիսանում է քաղցկեղներից մահացության մինչև 30%-ի պատճառ, և ինֆեկցիոն  հիվանդությունները, որոնք չարորակ նորագոյացությունների 15-20%-ի պատճառն են:

Քաղցկեղով հիվանդացությունը կտրուկ աճում է տարիքի հետ՝ հիվանդության որոշակի ձևերի զարգացման ռիսկի գործոնների կուտակման և տարիքի հետ  բջիջների վերականգման մեխանիզմների արդյունավետության նվազման միտումների պատճառով։  Նպաստող գործոններից են նաև ալկոհոլի օգտագործումը, անառողջ սննդակարգը, ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը և այլն:

Քաղցկեղների տարածվածության և մահացության վերլուծությունը վկայում է, որ Հայաստանի տվյալները համադրելի են միջազգային ցուցանիշների հետ:

1985թ-ից. մինչև 2022թ.–ը ՀՀ-ում չարորակ նորագոյացությունների առաջնային հիվանդացության ցուցանիշի շուրջ 2 անգամ աճ է գրանցվել: Նույն ժամանակահատվածում ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների ցուցանիշը աճել է 3.8 անգամ:

2022թ.-ի դրությամբ, տղամարդկանց համեմատ, քաղցկեղի ընդհանուր տարածվածությունը կանանց շրջանում եղել է մի փոքր բարձր, ընդ որում, կանանց մոտ ցուցանիշների զգալի բարձր մակարդակը գրանցվել է 25-54 տարեկանների խմբում: 55 տարեկանից հետո բոլոր տարիքային խմբերում պատկերը փոխվում է` ավելի բարձր տարածվածության մակարդակ գրանցվում է տղամարդկանց շրջանում:

Քաղցկեղի տեսակներից ՀՀ-ում 2022թ.-ին կանանց շրջանում, ըստ առաջնային հիվանդացության ցուցանիշների, առաջին չորս տեղերն են զբաղեցրել կրծքագեղձի քաղցկեղը, արգանդի մարմնի, արգանդի վզիկի և ձվարանի քաղցկեղները:

Տղամարդկանց շրջանում` համապատասխանաբար շնչափողի, բրոնխների, թոքի, հաստաղու, ստամոքսի և կոկորդի քաղցկեղները:

Ըստ ՀՀ մարզերի` 2022թ.-ին քաղցկեղի ընդհանուր տարածվածության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում (2213.0/100 000 բնակչի հաշվով), այնուհետև` Լոռիում (2305.9/ 100 000), Շիրակում (2077.7/100 000) և Կոտայքում` 1977.5 /100 000, իսկ ամենացածր ցուցանիշը գրացվել է Սյունիքում (1488.1/100 000) և Արմավիրում (1516.5/100 000):

Աճել է նաև չարորակ նորագոյացություններից մահացությունը: Համաձայն ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակման, 2023թ.-ի առաջին կիսամյակում նորագոյացություններից մահացել է 2515 մարդ, որը կազմում է բոլոր մահերի 20.2%-ը: 1990-2022թթ. ժամանակահատվածում ՀՀ-ում տեղի է ունեցել մահացության ցուցանիշի 1.7 անգամ աճ (98.28-ից մինչև 171.33/100000 բնակչի հաշվով): Ամենաբարձրն է եղել 2022թ.-ի դրությամբ մահացության մակարդակը Լոռու մարզում (236.8/100000 բնակչի հաշվով), Շիրակում (211.4/ 100000), Տավուշում (202.8/100000): Ամենացածրը` Գեղարքունիքում (140.2/100000) և Արմավիրում (140.5/100000):

Կանանց շրջանում քաղցկեղը վաղաժամ մահացության առաջին պատճառն է հանդիսացել, իսկ տղամարդկանց մոտ այն, ըստ վաղաժամ մահացության ցուցանիշի մակարդակի, միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություններին է զիջել:

Չարորակ նորագոյացությունների հիվանդացության և տարածվածության ցուցանիշների տարբերությունները պետք է մանրամասն ուսումնասիրվեն` հնարավոր պատճառների բացահայտման և համապատասխան ծրագրերի իրագործման նպատակով, և այդ գործում էական դեր պետք է ունենա Քաղցկեղի ազգային ռեգիստրը, որի ամբողջական գործարկումը հնարավորություն կընձեռնի ամբողջական տեղեկատվություն հավաքագրել և վերլուծել` հիվանդության յուրաքանչյուր դեպքի համար:

Ինչպես այլ ոչ վարակիչ հիվանդությունները, այդպես էլ քաղցկեղը դատավճիռ չէ, այն կարելի է հաղթահարել` վաղ հայտնաբերման հետազոտությունների և ժամանակին բուժում ստանալու միջոցով։