Հունաստանն ու Կիպրոսը մերժել են կղզում երկու պետություն ստեղծելու գաղափարը

Հունաստանը և Կիպրոսի Հանրապետությունը մերժում են Կիպրոսի երկու պետությունների լուծման գաղափարը. Այս մասին Հունաստանի և Կիպրոսի Համագործակցության բարձրագույն խորհրդի 1-ին լիագումար նիստից հետո Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Վարչապետն ընդգծել է, որ գագաթնաժողովն ամրապնդեց երկու երկրների միջև անքակտելի կապերը՝ ամրապնդելով Հունաստանի և Կիպրոսի դերերը՝ որպես Արևելյան Միջերկրական ծովում անվտանգության հենասյուներ։ Միցոտակիսի խոսքով, «Կիպրոսի խնդրի լուծումը շարունակում է մնալ հստակ ազգային առաջնահերթություն»։

«Մեր նպատակն է վերսկսել բանակցությունները ՄԱԿ-ի շրջանակներում: Քանի դեռ առկա իրավիճակը պահպանվում է, լարվածությունը կշարունակի աճել: Ակնհայտ է, որ կղզում երկու պետությունների գոյության ճանաչման վերաբերյալ դիրքորոշումը լիովին անընդունելի է մեր համար, և մենք անհամբեր սպասում ենք ՄԱԿ-ի նոր ներկայացուցչի անհապաղ նշանակմանը, ով կուսումնասիրի բանակցությունների վերսկսման հեռանկարները»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ընդգծել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Հունաստանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը խախտող գործողությունները կանխելու ջանքերին։

«ԵՄ-ն իր դերն ունի բանակցությունները վերսկսելու հարցում, որը հիմնված է հունիսի 30-ի Եվրոպական խորհրդի եզրակացությունների վրա: Մենք շարունակում ենք ձգտել ապահովելու, որ ԵՄ հաստատված կարգավորող դաշտը տարածվի և կիրառվի ողջ Կիպրոսում», -ասել է Միցոտակիսը:

Վարչապետը նաև նշել է, որ Հունաստանը կշարունակի ջանքերը բարելավելու հույն-թուրքական հարաբերությունները՝ հիմնված բարիդրացիության և միջազգային իրավունքի հարգման սկզբունքների վրա։