Գազայի հատվածի հյուսիսում չորս հիվանդանոց ենթարկվել է իսրայելական հարվածների. Պաղեստինի Կարմիր մահիկ

Պաղեստինի Կարմիր մահիկի կազմակերպության ղեկավար Մարվան Ջիլանին ուրբաթ հայտնել է, որ վերջին 24 ժամում Գազայի հատվածի հյուսիսում չորս հիվանդանոց ենթարկվել է հարվածների, նա Իսրայելին մեղադրել է դրանց միտումնավոր հարվածներ հասցնելու մեջ, տեղեկացրել է Voice of America-ն։

Ջիլանիի խոսքով՝ գնդակոծվել են «Աշ-Շիֆա», «Ալ-Ավդա», «Ալ-Քուդս» հիվանդանոցները եւ ինդոնեզական հոսպիտալը։

«Ալ-Քուդս» հիվանդանոցում մեկ մարդ զոհվել է, վիրավորվել 20 մարդ։

«Դիմում եմ խորհրդի անդամներին անձնակազմի եւ կամավորականների, շտապօգնության բրիգադների, բժիշկների եւ բուժքույրերի անունից, որոնք գտնվում են Գազայի հիվանդանոցներում, անել ամեն ինչ՝ հետագա մահերից եւ տառապանքներից խուսափելու համար»,- ասել է Ջիլանին։

Նա նախազգուշացրել է, որ «Ալ-Քուդս» հիվանդանոցում երկու օր առաջ վառելիքի բացակայության պատճառով անջատվել է գլխավոր գեներատորը։ Հիվանդանոցում 400 հիվանդներից բացի նաեւ 14 հազար տեղահանված մարդ կա։

«Այժմ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող բոլոր պացիենտներին եւ ինկուբատորներում գտնվող երեխաներին կորցնելու վտանգ կա»,- ասել է Կարմիր մահիկի ղեկավարը։