Ինչո՞ւ էր 2018-ին եկած իշխանությունը սպառնում փակել Իրանի հետ սահմանը

«Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի շրջանակերում անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցն անդրադառնալով  հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ մեր սպառազինության կառուցվածքը դիվերսիֆիկացվում է, և պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀ-ն սպառազինություն ձեռք բերի Իրանից, ընդգծեց՝ բացառում է, որ Նիկոլ Փաշինյանն և իր իշխանությունը զենք ձեռք բերեն Իրանից, քանզի նրանց արգելում են հենց իրենց տերերը՝ ի դեմս ԱՄՆ-ի։

Վերլուծաբանը հիշեցրեց նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն, որից հետո մենք ակնկալում էինք նոր և իսկակական սպառազինության ձեռքբերում Մեղրիով, սակայն 2018-ի «հեղափոխությունը» հեղափոխել է նույնիսկ շատ կարևոր թեկուզ ուշացած որոշումը, որ մենք պետք է Իրանի հետ համագործակցենք և ռազմական, և ռազմատեխնիկական ոլորտներում․

«Էն ժամանակ ի պատիվ Սերժ Սարգսյանի նախագահության վերջին ամիսների, դա շատ ճիշտ որոշում է եղել, սակայն մենք գիտենք՝ ինչպես է կասեցվել այդ գործըթացը։ Մենք գիտենք, որ նրանք 2018-ին նույնիսկ սպառնացել են, որ կփակեն Իրանի հետ սահմանը, և որ մի «дядя»-ի այցից հետո է այդ սպառնալիքը հնչեցրել լևոնական Նիկոլը։ Էդ էլ ենք հիշում։ Անունն այս այլասերված տականք Բոլթոն է», – ընդգծեց Շաքարյանցը՝ հավելելով, որ արդյունքում ստացանք այն, ինչ ստացանք՝ Արցախի հայաթափում, Արցախի կործանում, Հայաստանի նախատեսվող, սկսվող վերաձևում։

Եվ այո, եթե հետադարձ հայացք նետենք անցյալին և երբեմնի ուժեղ Հայաստանի գործունեությանը անվտանգության ոլորտում, կտեսնենք, որ բացի այն, որ իշխանությունները վստահելի և համագործակցային հարաբերություններ էին պահպանում մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, նրանք հարաբերություններն ու համագործակցությունն ավելի խորացնում էին մեր բնական դաշնակցի՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը վերջին շրջանում բազմիցս է ընդգծել, որ Հայաստանի հետ սահմանն իր համար կարմիր գիծ է և չի հանդուրժի ցակացած փոփոխություն (իհարկե, Իրանի այսօրվա կեցվածքը բացառապես բխում է իր սեփական անվտանգության շահերից, սակայն նաև փաստ է, որ Իրանի դրական տրամադրվածությունը և վստահությունը եղել է բացառապես նախկին իշխանությունների աշխատանքի արգասիքը)։

Եվ այս նոր հնարավորությունների և դաշնակիցների ձեռքբերմանն էր ուղղված ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնական այցը Իրան՝ 2017թ․ հունվարի 30-ին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով, ինչի ընթացքում քննարկվել էին երկկողմ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները, միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրները:

Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ էր ունեցել նաև Իրանի գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների բարձրաստիճան ղեկավարության հետ, գիտահետազոտական և արդյունաբերական ձեռնարկությունների, հայկական համայնքի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել էր նաև Արցախյան հիմնախնդիրը, և Վիգեն Սարգսյանը ընդգծել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։

Ինչպես ընդգծում է իրանագետ Շաքարյանցը, նախկին իշխանությունները 2016 թ․արձանագրելով Հայաստանի և Արցախի հերթական հաղթանակը ռազմական և դիվանագիտական ոլորտներում, հանձն առան նոր դաշնակիցների ձեռքբերման և անվտանգության ամրապնդման գործը, ինչը, ցավոք ընդհատվեց, քանզի արտաքին ուժերի գործուն մասնակցությամբ իշխանության եկան նրանք, ովքեր չվարանեցին Արցախյան հակամարտությունը նախ իբր «լուծել» ռազմական ճանապարհով, հետո բանակցել սեփական կետից, ապա փակել Արցախյան հիմնախնդիրը, ստեղծելով նոր հիմնախնդիր՝ «Զանգեզուրի միջանցք» անունով, և հետևաբար նոր սպառնալիք՝ ՀՀ անվտանգությանը։

Ժաննա Ծառուկյան