Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան օգնությունը վտանգի տակ է

Սպիտակ տան ներկայացուցիչները չորեքշաբթի զգուշացրել են ամերիկացի օրենսդիրներին, որ Ուկրաինայի համար նախատեսված 61,4 միլիարդ դոլարի նոր աջակցության փաթեթի մերժումը կարող է ընդամենը մեկ շաբաթում ուկրաինական ռազմաճակատում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ռուսական ուժերը ի վիճակի լինեն ճեղքել այն, գրում է «Ամերիկայի Ձայնը»։

Թեև Ուկրաինայի համար նախատեսված ԱՄՆ օժանդակությունը մոտ է սպառման, ամերիկացի օրենսդիրը ամենևին էլ հակված չեն ընդառաջ գնալ նախագահ Ջո Բայդենի առաջարկին՝ լրացուցիչ 106 միլիարդ դոլար հատկացնել ԱՄՆ ազգային անվտանգության կարիքների բավարարմանը, որոնց մեջ առանցքայինը Կիևին հատկացվող օգնությունն է։

«[Կիևին ցուցաբերվող աջակցությունը] չի վերաբերում միայն Ուկրաինային, և նսեմացնելով Ռուսաստանի ռազմական հնարավորությունները՝ մենք սահմանափակում ենք նաև նրանց հնարավորությունները, ում հետ Ռուսաստանը աշխատում է՝ Իրանը, «Համասը» և «Հեզբոլլահը»»,- ասում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը:

Օրենսդիրների միջև բանակցությունները կենտրոնացել են Ուկրաինային ու Իսրայելին տրամադրվող օգնության, ինչպես նաև ԱՄՆ սահմանների անվտանգության ապահովման ֆինանսավորման շուրջ, և կարող են տևել մինչև այս նոյեմբերի 17-ը, երբ կավարտվի ԱՄՆ կառավարության ժամանակավոր ֆինանսավորման վեցշաբաթյա ժամկետը: Դեմոկրատներն ու որոշ հանրապետականներ պնդում են, որ բոլոր այդ հարցերի շուրջ որոշումները պետք է ընդունվեն միաժամանակ: