Տիգրանակերտում «ադրբեջանական» պեղումների մասին

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2023 թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նատիք Ալիշովն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է լուսանկարներ Տիգրանակերտի Արքայական աղբյուրներից: Լուսանկարներից երևում է, որ Փանահ խանի կողմից կառուցված մզկիթին հարավից կից տարածքում  հողային աշխատանքներ են ընթանում: Աշխատանքների հետևանքով բացվել են միջին չափի կոպտատաշ քարերից շարված պատի հատվածներ: Մեկնաբանություններում ադրբեջանցի հնագետը նշում է, որ այդ տարածքում իրենք աշխատանքներ են իրականացրել դեռևս 2023 թվականի օգոստոսի 23-ից: (https://www.facebook.com/natiq.alishov.5/posts/pfbid02oxWbVyYhbJLYWAZ246t

WLkPGJ6Deu8RBv9PuhN5RjruPQrxxCR8sUnujtg9HsbnTl):

Նշենք, որ 2021 թվականից ի վեր ադրբեջանական կողմը պարբերաբար հայտարարում էր, որ «հայկական օկուպացիայից ազատագրված» տարածքներում հնագիտական աշխատանքներ են նախատեսվում: Սա Տիգրանակերտի ադրբեջանական «պեղումների» մեզ հայտնի առաջին փաստն է։

«Պեղումները» նախաձեռնվել են Արքայական աղբյուրների շրջակայքում՝ 18-րդ դարի մզկիթին կից։ Ընդ որում, բացել են պատի մի հատված, որը Տիգրանակերտի արշավախմբի կողմից պեղվել է դեռևս 2011 թվականին: Այն մզկիթին կից գերեզմանոցի հենապատն է: 2011 թվականին Արքայական աղբյուրների շրջակայքում իրականացված պեղումների արդյունքում բացվել են նաև մզկիթի առջև գտնվող ջրավազանը, կից ժայռին փորված մի կառույցի ժապավենաձև հիմքերը՝ հար և նման Ամրացված թաղամասի պարսպահիմքերին (տես կից նկարը)»։