ԼՂ-ից բռնի տեղահանվածները, որոնց տրվել է փախստականի կարգավիճակ, ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք. նախարար

ԼՂ-ից բռնի տեղահանվածները, որոնց տրվել է փախստականի կարգավիճակ, այդպիսով օրենքի ուժով ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի օրենսդրության պահանջներին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նխարար Նարեկ Մկրտչյանը:

«Այսինքն անկախ այն հանգամանքից՝ իրենք ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացել են, թե ոչ, նրանք ՀՀ-ում իրավունք ունեն ստանալու կենսաթոշակ և նպաստ: Դրա համար անհրաժեշտություն է առաջացել պետական նպաստների և կենսաթոշակների մասին օրենքներում կատարել որոշակի փոփոխություններ՝ ամրագրելով փախստականի կարգավիճակ ունեցող անձանց համար կենսաթոշակի իրացման իրավունքի առանձնահատկությունները Կառավարության կողմից սահմանելու լիազորությունները:

Երբ դա կներկայացնենք ԱԺ, հընթացս կստեղծենք էլեկտրոնային հարթակ, որի համաձայն բոլոր այն անձինք, որոնք ԼՂ-ում ստացած են եղել այդ իրավունքը, ինքնաշխատ տարբերակով մենք դա կընդունենք ի գիտություն և կսկսենք այդ իրավունքը իրացնել: Իսկ այն անձինք, որոնք այստեղ են ստանալու կենսաթոշակի կամ նպաստի իրավունք, մենք այստեղ գործող չափանիշներով կգնահատենք և կնշանակենք կենսաթոշակ կամ նպաստ»,-ասաց նախարարը:

Նա հստակեցրեց, որ պարտադիր է, որ բռնի տեղահանված անձը գրանցված լինի Հայաստանի որևէ հասցեում, սա չպետք է շփոթել հաշվառման ու քաղաքացիության հետ:

«Դիմումների համար կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որոնց թիվը 49 է: Մեր հայրենակիցներին կենսաթոշակ նշանակելու դեպքում, նրանց կենսաթոշակի իրավունք տվող տարիքը մինչև հոկտեմբերի 28-ը լրացած լինելու դեպքում կենսաթոշակը կվճարվի, և հոկտեմբերի 28-ից սկսած»,-ասաց Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ այդ նախագիծը քննարկելու համար արագացված կարգով կդիմեն Ազգային ժողով:

Նախարարը նշեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածներից կենսաթոշակառուների թիվը շուրջ 15 հազար է: