ՔՊ-ականները ներդրվել են՝ ադրբեջանական երազանքը կյանքի կոչելու

Մինչ մտածում էի, թե այսօրվա իմ հոդվածում ինչ թեմայի անդրադառնամ, իմ լավ բարեկամ Հայկ Դերզյանի խոսքը լսելով՝ գաղափար հղացա՝ անդրադառնալ հայկական երազանքին, որը ևս 2018-ին ՀՀ իշխանությունը խաբեությամբ բռնազավթած խմբակը ոտնատակ արեց հայոց պետականության, Արցախի ինքնիշխանության հնարավորության հետ միասին։ Ինչպես հիշատակեց նա, մեր պետականության պատմության վերջին հինգ տարիների ընթացքում հայկական երազանքը հենց ՀՀ իշխանությունների գործուն մասնակցությամբ ստորադասվեց ադրբեջանական երազանքին․ Ադրբեջանը վերջապես հասավ Արցախը բռնազավթելու իր գերագույն նպատակին, տասնյակ տարիներ շարունակ փայփայած իր երազանքին։ Ու հիմա էլ ադրբեջանական բռնակալ Ալիևը նոր երազանքով է սնում իր ժողովրդին՝ երբեմնի ցեղախմբին, թե Հայաստանն իր մայրաքաղաք Երևանով ևս ադրբեջանական պատմական տարածք է, և փույթ չէ, որ Ադրբեջանի Հանրապետություն ու պատմական հասկացությունները հակասում են միմյանց։ Հավակնելով տիրել Հայաստանի տարածքին՝ Ադրբեջանն իր համար նաև «հնագույն պատմություն» է կերտում՝ ընդհուպ մինչև բաբելոնյան աշտարակաշինության ժամանակաշրջանը ձգվող, ռազմավարական կարևոր միջանցքի տեր է փորձում դառնալ մեր տարածաշրջանում և մեր բնօրրանի բնական պաշարների՝ մասնավորապես ջրի տերն ու տիրակալը։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանության գահին նստած անձը այդ ընթացքում։ Փաստերը բավարար են պնդելու, որ նա հլուհնազանդ սպասարկում է ադրբեջանական երազանքը՝ աղյուսառաղյուս քանդելով, փոշիացնելով մեր երբեմնի երազանքը, որը մեր զավակների արյամբ ու քրտինքով էր կերտվել։ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր ազգը ևս մեկ անգամ հնարավոր համարեց անկախ պետականություն ունենալու իր երազանքին միս և արյուն տալ և իրականացրեց այն՝ առաջին հերթին ազատագրելով Արցախը և նրան վերադարձնելով հայկականության կարգավիճակը։ Արցախը դարձավ Հայաստանի Հանրապետության անվտանգության դարպասը։ Արցախով նաև Հայաստանը ճանաչելի դարձավ աշխարհին՝ իր սուբյեկտայնության նշաձողը բարձրացնելով, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը պայքարի լավագույն օրինակն էր աշխարհի չճանաչված պետությունների համար։ Հետո՝ տարիների ընթացքում մենք երազում էինք հզոր, զարգացած և ինքնիշխան Արցախի մասին, ինչի համար մեծ ներդրումներ էին արվում հայկական երկրորդ պետությունում, դիվանագիտական հսկայական ջանքեր էին գործադրվում Արցախին երազած կարգավիճակ տալու համար։ 24 տարի տևած բանակցային գործընթացում թվում էր՝ հաղթական նժարը Հայաստանի կողմն է թեքվում։  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը բանակցությունների առանցքային հենքն էր, որի շուրջ էլ կառուցվում էին մնացած պայմանավորվածությունները։ Թվում էր՝ մի քանի տարի ևս, ու Արցախը վերջապես կդառնա ճանաչված պետություն, իսկ հետո էլ կվերամիավորվի Հայաստանի Հանրապետության հետ՝ ձևավորելով միասնական հզոր ու պաշտպանված հայրենիք։ Գոնե թե Սերժ Սարգսյանի օրոք թունելի վերջում այդ լույսը սկսել էր երևալ։ Նրա համար էլ Արցախը Երուսաղեմի պես մի բան էր դարձել՝ հայկական լինելիության Ավետարան, և իզուր չէր ՀՀ երրորդ նախագահը համարում, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Դա ըստ էության կլինի նաև Հայաստանի Հանրապետության վերջնագիծը։ Մեր նախկին նախագահները, մասնավորապես երրորդ նախագահը մեզ երազանք էր նվիրել՝ Արցախի սուբյեկտայնությանը հասնելու երազանքը, և մենք էլ ապրում ու արարում էինք նաև այդ երազանքի իրականացման հույսով ու նպատակով։

Հայկական երազանքի արդյունքում էր, որ Արցախը վերջին տասնամյակում վերածվել էր զբոսաշրջային ուղղության, ինչի շնորհիվ աշխարհը հերթական առիթով լսում էր այդ չճանաչված պետության մասին ճշմարտությունը, ոչ թե ալիևյան բարբաջանքները։ Շատ պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ էին այցելում Արցախ՝ չվախենալով անգամ Բաքվի սև ցուցակում հայտնվելու հեռանկարից։

44-օրյա պայմանավորված պատերազմից հետո քպ-ական խմբակը արդեն չէր էլ թաքցնում, որ ներդրվել է՝ Հայաստանում ադրբեջանական երազանքների համար կանաչ լույս վառելու։ Այլապես ինչպես բացատրել, օրինակ, այն փաստը, որ չգիտես ինչ ճանապարհներով ում հավանությունը ստանալով և ում հովանավորությամբ վերջերս Հայաստանի մայրաքաղաքում ադրբեջանցի լրագրողները տեսանկարահանումներ էին իրականացրել՝ կեղծ հայտարարություններ անելով այս կամ այն պատմամշակութային կոթողի ադրբեջանական ծագման մասին։ Դա քիչ է, նաև հարցազրույցներ էին իրականացրել երևանցիների հետ՝ խաբեությամբ նրանցից տեղեկություններ կորզելով այն մասին, որ Հայաստանի մայրաքաղաքում ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիներ են բնակվել։ Ադրբեջանցի լրագրողները դա ներկայացրել էին հետևյալ համատեքստոմ՝ ժամանակին Երևանը ադրբեջանաբնակ էր, բայց հայերը այն գրավել են և ադրբեջանցիներին վռնդել։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն էլ նույնը չի պնդում, երբ խոսում է «անկլավների» մասին, որոնք իբրև թե ադրբեջանաբնակ լինելու հանգամանքով պայմանավորված՝ ադրբեջանապատկան են եղել։ Որքան էլ Փաշինյանի մանկլավիկները միջազգային հանդիպումներից հետո հայ հանրության ականջին կաթեցնում են, թե բանակցություններում «անկլավների» հարցը չի քննակվում, բոլորս էլ առավել քան վստահ ենք, որ խաղաղության չարաբաստիկ պայմանագրի կետերից մեկն էլ հայկական գյուղերը ադրբեջանցիներին նվիրելու փաշինյանական խոստումն է։ Այո, օգնելով իր կառուցողական եղբայր Ալիևին՝ Արցախը գրավելու երազանքի իրականացման հարցում, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ փութկոտորեն լծվել է Հայաստանը ադրբեջանական ոտքի կոխան դարձնելու երազանքի իրականացման դավադիր գործին։

Թագուհի Ասլանյան