Լավրովը և Աբդոլահիանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ընթացիկ հարցեր

Նոյեմբերի 3-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ը։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ընթացիկ զարգացումների շուրջ։ Ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Կողմերն ընդգծել են կրակի անհապաղ դադարեցման և տուժած խաղաղ բնակչությանը հրատապ հումանիտար օգնության տրամադրման անհրաժեշտությունը։

Սերգեյ Լավրովն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով իրականացվող Ռուսաստանի ջանքերի մասին՝ ուղղված լարվածության թուլացմանը և իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ուղի տեղափոխելուն։
Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ընթացիկ հարցերի։