Այո՛, երեք հոգի հրաժարվեցին մանդատից՝ հաջակցություն Լևոն Քոչարյանի․ Գեղամ Նազարյան

«Ես չեմ կարծում, որ սա այն գործն է, որ գլխավոր դատախազն այնքան կանլրջանա, որ մտնի Ազգային ժողով և միջնորդի, որ Լևոն Քոչարյանին ազատությունից զրկեն այս հորինված գործը շարունակելու համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նա հնարավոր տարբերակ է համարում, որ մտնեն ԱԺ թույլտվություն խնդրելու համար, որ գործը շարունակվի։

«Դա չեմ բացառում, բայց խորհուրդ չեմ տա, որովհետև, իրոք, այս սարքովի գործերով մեր երկիրը առանց այն էլ թուլանում է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Անդրադառնալով Լևոն Քոչարյանի կողմից պատգամավորական մանդատը վերցնելու հանգամանքին և այն քննարկումներին, որ Քոչարյանը այն վերցրել է ազատության մեջ հայտնվելու համար, Գ. Նազարյանն ասաց․ «Համաձայն չեմ դրա հետ, որ Լևոն Քոչարյանի նման մարդը միայն ազատության մեջ հայտնվելու համար կարող է վերցնել մանդատը։

Հիմա կհարցնեք՝ բա ինչո՞ւ երեք հոգի հրաժարվեցին մանդատից։ Այո, հրաժարվեցին՝ ի աջակցություն ապօրինաբար կալանքի տակ գտնվող իրենց ընկերոջը։ Իրենց համոզմունքն է, որ Լևոն Քոչարյանը լինելով Ազգային ժողովում, ավելի ճիշտ է, քան իրենց լինելը»։

Հիշեցնենք, որ ԿԸՀ նոյեմբերի 6-ի որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին: Դա նշանակում էր, որ ՍԴ որոշման ուժով Լևոն Քոչարյանը պետք էր գտնվել ազատության մեջ։ Որոշումից ժամեր անց Լ. Քոչարյանն ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։