Մենք Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը չափազանց շատ բան ենք նվիրաբերել, որպեսզի աչք փակենք կամ չնկատելու տանք շահարկումների փաստերը

2008թ. հոկտեմբերի 27- ին Հանրային հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի հրապարակումը հնարավորություն է տալիս տարիների հեռվից գնահատել քաղաքական գործչի մոտեցումները, համեմատություններ կատարել անցյալի և ներկայի, Արցախը պահածի և Արցախը հանձնածի միջև:

-Պարոն նախագահ, ակտիվացել են Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ քննարկումները, տրվում են տարբեր գնահատականներ, արվում են կանխատեսումներ: Իրականում ո՞ր փուլում ենք:

-Իրականությունն այն է, որ տևական պասիվ ժամանակաշրջանից հետո Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը մտել է ակտիվ փուլ: Սա պայմանավորված է առնվազն երկու կարևոր հանգամանքով՝ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում ավարտվեցին նախագահական ընտրությունները, և երկրորդ՝ տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունները մեկ անգամ ևս բոլորին համոզեցին, որ խնդրի կարգավորման ռազմական ճանապարհ գոյություն չունի:

Ղարաբաղյան խնդրի կարգավորումը հնարավոր է, եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եթե Լեռնային Ղարաբաղը ցամաքային սահման ունենա Հայաստանի Հանրապետության հետ, և եթե միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրները երաշխավորեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը:

Կարծում եմ, օգտակար է ակտիվությունը, օգտակար են հասարակական քննարկումները, և խորապես համոզված եմ, որ մենք դեռևս թևակոխելու ենք շատ ավելի ակտիվ հասարակական քննարկումների ժամանակաշրջան: Քննարկումները միշտ օգտակար են, բայց դրանց հիմքում միայն ու միայն մեկ շահ պետք է լինի՝ հայ ժողովրդի շահը: Մենք Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը չափազանց շատ բան ենք նվիրաբերել, որպեսզի աչք փակենք կամ չնկատելու տանք շահարկումների փաստերը: Մենք նվիրական հարց ենք լուծում: Կարևոր պատմական խնդիր ենք լուծում, և այս պատմական խնդրի լուծման ընթացքում եթե որևէ մեկը փորձում է այլ շահ փնտրել, ապա դա բարոյական չէ:

-Պարոն նախագահ, դատելով վերջին զարգացումներից, կարծես թե, նկատելի է դառնում ղարաբաղյան հարցում տարածաշրջանային այլ դերակատարների ակտիվությունը: Մասնավորապես նկատի ունենք Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ երեք նախագահների հանդիպման նախաձեռնությունը, և Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հայտարարությունը, թե դուք եք առաջինն իրեն խնդրել աջակցել կարգավորման գործընթացին: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

-Նախ, պետք է ասեմ, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում՝ «մադրիդյան սկզբունքների» հիման վրա: Բազմիցս ասվել է, և հիմա էլ կրկնում եմ, որ այլ միջնորդներ չկան, միակ միջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, և այն խառնաշփոթը, որ փորձ է արվում ստեղծել, մեզ որևէ բանում չի օժանդակում: Կրկնում եմ՝ միակ միջնորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, Հայաստանը երբեք որևէ երկրի չի դիմել միջնորդական առաքելություն իրականացնելու խնդրանքով:

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն է, և շատ օրինաչափ է նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերն ու նրա ակտիվությունն այս հարցում:

Ինչ վերաբերում է նախագահ Գյուլի հայտարարության մեկնաբանմանը, ապա նախ պիտի ասեմ, որ, երևի նկատել եք, ես բնավորություն չունեմ այլ գործիչների ասածները մեկնաբանել, հատկապես որ մեր մամուլում տպագրվում են կոնտեքստից կտրված հատվածներ:

Իրականությունը հետևյալն է՝ միակ միջնորդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, իսկ որևէ օժանդակությունից մենք չենք հրաժարվում: Այո, համոզված եմ, որ Թուրքիան կարող է իր օժանդակությունը բերել Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին, և հիմա էլ, կարծում եմ, բերում է. նախագահ Գյուլի այցելությունը Երևան, հայ- թուրքական բանակցությունների շարունակությունը շատ լավ օրինակ է դժվար խնդիրներ լուծելու: Ես վստահ եմ, եթե Թուրքիան բացի սահմաններն ու Հայաստանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ, մեծապես օժանդակած կլինի Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: