«Կովերի պարտեզի» գործարքը չեղարկելուց հետո մյուս կողմը զինված աշխատակիցներ ու շներ էր բերել, վնասել կալվածքը. Գոգչյան

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը տեղեկացնում է, որ «Կովերի պարտեզ» անունով հայտնի կալվածքի վարձակալությունը չեղյալ հայտարարելու նամակից հետո երկրորդ կողմը, փոխանակ նամակին պատասխան տալու, արձագանքել է կալվածքի վրա առկա պարսպի և կայանատեղերի քանդումով, ասֆալտի հեռացումով և շատ ավելի մեծ վնաս պատճառելու սպառնալիքով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության նորանշանակ դիվանապետ Տեր Աղան Աբեղա Գոգչյանը

«Երեկ երկրորդ կողմը նույնիսկ զենքով զինված անվտանգության աշխատակիցներ և վարժեցրած շներ էր բերել կալվածք՝ պահանջելով ազատել կալվածքը հայկական ներկայությունից: Ի պատասխան այս պահանջի՝ Երուսաղեմի Հայ Պատրիարքը, Սրբոց Հակոբյանց Միաբանության անդամները և Հայ համայնքի անդամները հավաքվել են այնտեղ՝ խաղաղ կերպով իրենց դժգոհությունը և անհամաձայնությունը հայտնելու եղած պահանջին:

Մի քանի ժամ հետո կողմերը պայմանավորվել են հեռանալ կալվածքից և ոչինչ չձեռնակել այնքան ժամանակ, մինչև Պատրիարքությունը չստանա համաձայնագիրը չեղյալ հայտարարելու իր ուղարկած նամակի պատասխանը»,- գրել է Գոգչյանը: