ԱՄՆ-ը նախազգուշացրել է Իրանին և «Հեզբոլլահ»-ին
ԱՄՆ պետքարտուղարը չհայտարարված այցով մեկնել է Բաղդադ՝ իր աջակցությունը հայտնելով Իրաքի վարչապետին, ինչպես նաև նախազգուշացնելով Իրանին և իսլամիստական «Հեզբոլլահ» շարժմանը՝ չհարձակվել Իսրայելի վրա: Այս մասին հաղորդում է «Նյու Յորք Թայմս» պարբերականը։
Պարբերականը նշում է, որ Էնթոնի Բլինքենի մերձավորարևելյան շրջագայությունը նպատակ ունի զսպել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման դեմ Իսրայելի պատերազմի հետևանքները, ինչպես նաև ուղերձ հղել Իրանին և նրա աջակցությունը վայելող «Հեզբոլլահ»-ին, որպեսզի նրանք չմտնեն հակամարտության մեջ։
Ըստ ամերիկյան պաշտոնյաների՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը տարածաշրջանային գործընկերների միջոցով ուղերձներ է հղել Իրանին և «Հեզբոլլահ»-ին, որ ԱՄՆ-ն պատրաստ կլինի ռազմական միջամտության, եթե նրանք հարձակումներ սկսեն Իսրայելի դեմ։
Նախքան Իրաք մեկնելը Բլինքենը Հորդանան գետի արևմտյան ափին հանդիպել էր Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ, իսկ մինչ այդ՝ նոյեմբերի 3-ին, Իսրայելի իշխանությունների հետ։