Ինչպես են հանձնել Արցախը…

Էս հարցն իմ բազմաթիվ ընկերներ տարբեր կերպ են մեկնաբանում ու վերլուծում, փորձելով հաջորդական և զուգահեռ միացումներով իրականությունը ներկայացնել, հին ժամանակներից սկսած մինչև 2018թ աղետալի հայտնի իրադարձություններ, և 2018-ից հետո արագ գահավիժման կործանարար ժամանակաշրջան։

Ես չեմ փորձելու ամեն հայտարարության կամ որոշման օր ու ժամ գրել, այլ հիմա` գրելուս ընթացքում, կփորձեմ հիշել և գրի առնել էն ժամանակագրությունը, որի հետևանքով մենք էս վիճակի մեջ հայտնվեցինք։

2018 թ․ ապրիլյան իրադարձությունները և դրան հաջորդող ժամանակաընթացքը աչքիս առաջ են, երբ մարդիկ ամեն սխալ բանի համար ծափահարում էին ու հաստատում սրանց սխալ և սադրիչ որոշումները, հիշում եմ 2018 թ․ ապրիլը, երբ փողոցային անկարգություններին միացան դասալիք զինվորականները, իսկ այդ դասալիքների ղեկավարին վարչապետ կոչվածը բարձր պաշտոնների տեղավորեց, 2018 թ․ մայիսը, երբ Նախիջևանի հատվածում 11000 հեկտար տարածք սրանք նվիրեցին թշնամուն, բայց էտ հատվածի բանակի կորպուսի հրամանատարը նշանակվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շատաբի պետ, փորձում եմ հաշվել, թե մինչև 2020 թ․ պատերազմը քանի Շտաբի պետ, զորամասի և այլ ստորաբաժանումների հրամանատարներ փոխվեցին զինված ուժերում, հիշում եմ 2018-ի ամռան տուշոնկա շոուն, երբ հաղթանակած գեներալներից մեկին ուղղակի ծաղրի առարկա դարձրեցին, նաև 2018-ի «կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին, երբ «եկած-չեկած»՝ փամփուշտները հալեցնում զարդեր էին սարքում, երբ անընդհատ քարոզ էր տարվում էն մասին, թե մեր հայորդիների կյանքը էսքան ժամանակ զոհաբերել ենք հանուն ոչնչի, հիշում եմ 2018թ. սեպտեմբերին Դուշանբեում կայացած Փաշինյանի և Ալիևի հայտնի «վերալակային հանդիպման» ժամանակահատվածը, դրանից հետո Նիկոլի ու յուր թիմակիցների կողմից մշտապես կրկնվող էն թեզը, որ ցանկացած հարցի կարգավորում պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանի ժողովրդի համար, հիշում եմ Սասուն Միքայելյանի խրոխտ հայտարարությունն այն մասին, թե «հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը», հիշում եմ 2018 թ․ վերջին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին պաշտոնից ազատման ժամանակահատվածը, 2019 թ․ գարնան ընթացքում սրանց ամեն այլանդակությունները, Ալիևից բանակցությունների մասին ծանոթանալու վերաբերյալ խոստովանությունները, «ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից», «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց», ու նմանատիպ հարյուրավոր մեկնաբանություններ և ռեպլիկներ, հիշում եմ 2018-2019 թթ․ Արցախում սրանց կողմից հրահրած ներքաղաքական խառնաշփոթները, հիշում եմ, թե 2019 թ․ Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ ոնց էին մարդիկ ծափ տալիս Արցախը հանձնողին և սուլում իրենց հաղթանակած ղեկավարի հասցեին, 2020 թ․ «ինչ ուզում, այն էլ բանակցում ենք» արտահայտություններից սկսած մինչև ադրբեջանցիներին սադրիչ գործողությունների մեջ ներքաշելու գործողությունները, «Էռատո» ջոկատի ստեղծումը, բանակցությունների վերջնական տապալումը, պատերազմի սկզբնական օրերին սեփական ամբիցիաները պետական շահերից վեր դասելու արդյունքում Լելե թեփե օպերացիայի տապալումը, պատերազմի ընթացքում բանակցությունների տապալման, հազարավոր զոհերի, 2020 թ․ նոյեմբերի 9-ի կապիտուլացիայի, դրան հաջորդող խայտառակ որոշումների և իրավիճակի , Հայաստանի սահմանների նկատմամբ էսկալացիայի, Արցախի բանակցություններում նշաձողի իջեցման մասին բազմաթիվ հայտարարությունների, Պրահայի, Բրյուսելի, Մոսկվայի հանդիպումների, դրա հետևանքով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման, ու հետագայում ամբողջական Արցախի շրջափակման, հումանիտար աղետի, վերջին  արցախա-ադրբեջանական սեպտեմբերյան պատերազմի, Արցախին մենակ թողնելու ու Արցախի կապիտուլացիայի ժամանակագրությունը, ու ոչինչ չանող հայկական իշխանության անտարբեր կեցվածքը։

Շատ բան կարելի է հիշել, եթե օրերով ու ամիսներով փորձ արվի կազմել ժամանակագրական քրոնիկոնը, ապա հատորներ կգրվեն սրանց ազգակործան ու հայրենիքը թշնամուն նվիրելու հաջորդական քայլերի մասին։

 

#ինչպեսենհանձնելԱրցախը

Շիրազ Խաչատրյան