Արցախը դուխով Ադրբեջանի մաս ճանաչելով՝ խոցեցիք Հայաստանի սրտի՝ Արարատյան երկրի պաշտպանությունը

Սեպտեմբերի 27-ին «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուն՝ նշել է․ «Մենք ունեցել ենք 3 նախագահ, նրանցից ո՞ր մեկն է ասել, որ Արցախը Ադրբեջանի կազմում չէ: Միջազգային բոլոր հանդիպումների ժամանակ նրանք լուռումունջ ստորագրել ու ճանաչել են, որ Արցախը Ադրբեջանի մաս է: Իրենք չեն ասել այդ մասին ժողովրդին: Հրապարակավ չեն հայտարարել, որովհետև էդ դուխը չեն ունեցել:

Ով հաճախել է դպրոց, գիտի, որ կա մի առարկա՝ «Հայոց պատմություն», որտեղ ներկայացվում է հայ ժողովրդի պատմութունը, պատմության փառահեղ դրվագները, հաղթանակ, պարտություն, դավաճանություն։ Առաջին գիտելիքներից մեկը, որ գիտի յուրաքանչյուր դպրոցահասակ երեխա, այն է, որ հայերս ունեցել ենք Մեծ Հայքի թագավորություն, որն ունեցել է 15 նահանգ, որից 10-րդն Արցախն է եղել, որի սահմաններն ընդգրկել են այժմյան Արցախի Հանրապետությունը հարակից ազատագրված տարածքներով և ձգվել մինչև Իջևանի շրջան (Փաշինյանի ծննդավայր)։ Երբ բարձրաստիճան պաշտոնյան առանց ախ քաշելու Արցախը քոչվոր Ադրբեջանի մաս է ճանաչում՝ մի քանի պատճառ կարող է լինել․ հատուկ է արվում, տվյալ անձը դպրոց չի հաճախել կամ պատմության դասերից թռել է, պարզեք ինքներդ։

Ինչ վերաբերում է ՀՀ երեք նախագահներին, որ իրենց «դուխը չի հերիքել», որպեսզի ճանաչեն Արցախը Ադրբեջանի մաս, ապա երեք նախագահների դուխը հերիքել է ադրբեջանցիներին ծնկի բերելու, հայրենիքն ազատագրելու, հաղթանակներ կերտելու,  խաղաղություն հաստատելու, հայրենքը զարգացնելու-շենացնելու, երկու հայկական պետությունների սահմաններն անվտանգ պահելու, թշնամու հարձակման դեպքում նրան հետ շպրտելու, հակահարված հասցնելու, առանց ելակի հաղթանակած բանակ ունենալու, ոչ թե երկու հայկական պետություններից մեկը սկուտեղի վրա թշնամուն նվիրելու, հազարավոր հայերի կյանք խլելու, մարդկանց հաշմանդամ ու տնավեր դարձնելու, Հայաստանը մաս-մաս թշնամուն հանձնելու, թշնամու առաջ կզելու և նվաստանալու համար։

Ինչպես ասել է պատմաբան Լեոն․ Արցախը հսկայական միջնաբերդ է, առանց որի անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը։

Արցախը դուխով Ադրբեջանի մաս ճանաչելով՝ խոցեցիք Հայաստանի սրտի՝ Արարատյան երկրի պաշտպանությունը։

Լուսինե Այրապետյան