ԱԱԾ ստորաբաժանումը, որը կապահովի ՀՀ-ով անցնող կոմունիկացիաների անվտանգությունը, երեկվանից գործում է․ Փաշինյան

Բոլորովին վերջերս մենք ներկայացրինք «Խաղաղության խաչմերուկ» մեր նախագիծը. Այդ նախագծի ներկայացման շրջանակներում ես տեղեկացրի, որ նախատեսում ենք Հայաստանի ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումն արդեն իսկ ստեղծված է: Իհարկե, մենք նախկինում այդ ուղղությամբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էինք, որովհետև մեր պլաններում դա կար, բայց այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումն արդեն իսկ ձևավորված է, և բավականին շոշափելի մասով համալրված է, և արդեն իսկ գործնականում երեկվանից սկսել է իր աշխատանքները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2023 թ. հոկտեմբերի 17ին Եվրոպական խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀն պատրաստ է վերականգնել Մեղրիի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն ՀՀն և Ադրբեջանը, այլև ՀՀ-ի հարավային շրջանները հյուսիսարևմտյան շրջանների հետ։ Նրա խոսքով` ՀՀում այս նախագիծն անվանում են «հայկական խաչմերուկ»։