ՅՈՒՆԻՍԵՖ-ը Գազայի «Ջաբալիա» ճամբարին հասցված հարվածներն արյունալի սպանդ է անվանել

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտարարություն է տարածել Գազայի «Ջաբալիա» փախստականների ճամբարում Իսրայելի հարվածներից հետո երեխաների զոհվելու և վիրավորվելու վերաբերյալ, փոխանցում է «Իզվեստիա»-ն։

«Երեկ և այսօր Գազայի հատվածի Ջաբալիա ճամբարում տեղի ունեցող արյունալի սպանդի տեսարանները սարսափելի են»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

Թեև ՅՈՒՆԻՍԵՖ-ում ընդգծում են, որ դեռևս չկան անչափահասների շրջանում կորուստների քանակի հաստատված գնահատականներ, սակայն արդեն «հաղորդվում է, որ զոհերի թվում շատ երեխաներ կան»:

Կազմակերպության գնահատականներով՝ Գազայի հատվածում 25 օր շարունակվող ռմբակոծություններից հետո զոհվել է ավելի քան 3,5 հազար երեխա, ավելի քան 6,8 հազար երեխա վիրավորվել է: