Արմավիրում մեկնարկել է Պարեկային ծառայության աշխատանքը

Նիկոլ Փաշինյանն Արմավիր քաղաքում մասնակցել է Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը: Կառավարության հաղորդմամբ, վերջինիս ներկա են գտնվել նաև Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ն. Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Հարգելի ներկաներ,
Կառավարության, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,
Ոստիկանության հարգելի ծառայողներ,
Համայնքների հարգելի ղեկավարներ,

Այսօր շատ կարևոր և հիշարժան օր է բոլորիս և անձամբ ինձ համար, որովհետև այսօրվա իրադարձությունն այն մասին է, թե ինչպես են գաղափարները, քննարկումները դառնում իրականություն: Այսօր մենք, ըստ էության, ավարտում ենք Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության հիմնադրման աշխատանքները, ամփոփում դրանք: Այսօր Պարեկային ծառայություն չունեցող վերջին չորս մարզերը՝ Արմավիրի մարզը, Արարատի մարզը, Վայոց ձորի մարզը և Սյունիքի մարզը կունենան Պարեկային ոստիկանություն, այդպիսով նաև՝ ամբողջ հանրապետությունը:

Հինգ տարի է անցել այս թեմայով մեր ունեցած առաջին քննարկումներից, և առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ արդյոք հինգ տարին շատ է, թե քիչ, թե բավարար է՝ նման բարեփոխում իրականացնելու համար: Իհարկե, այս հարցի ճշգրիտ պատասխանը երբեք ոչ ոք չի կարող տալ, բայց մյուս կողմից, եթե աշխատեինք միայն այս թեմայի, այս բարեփոխումների վրա, կամ մեր օրակարգում լիներ միայն Պարեկային ոստիկանության հիմնադրումը, իհարկե հինգ տարին չափից ավելի երկար ժամանակ է: Բայց եկեք չմոռանանք, որ այս ընթացքում ստիպված ենք եղել առերեսվել նաև բազմաթիվ մարտահրավերների՝ քովիդի համավարակ, պատերազմներ, ամենատարբեր խնդիրներ՝ քաղաքական, միջազգային և այլն:

Շատ կարևոր է, որ այս ողջ ընթացքում չկորցրեցինք ուղենիշը: Շատ կարևոր է արձանագրել, որ այս փոփոխությունը, այս բարեփոխումը՝ այս նոր ինստիտուտի, նոր կառույցի հիմնադրումն առաջին հերթին տեղի է ունենում այն մարդկանց շնորհիվ, ովքեր հավատացել են, որ դա հնարավոր է իրականացնել: Որովհետև 2018թ., երբ խնդիր էր առաջադրվում, որ պետք է ունենանք նոր ծառայություն, որտեղ բացարձակապես ամեն ինչ պետք է լինի նոր, առաջին հարցը հետևյալն էր, թե ինչպե՞ս ենք դա իրականացնելու ֆինանսապես, բովանդակային, կազմակերպչական առումով»:

Նա նշել է, որ  Պարեկային ոստիկանությունը, շատ դժվարությունների միջով է անցել:

«Հիշում եմ 2021թ. օգոստոս-սեպտեմբերին, երբ Երևանում Պարեկային ոստիկանության գործունեության առաջին օրերն էին, ըստ էության, խառնաշփոթ իրավիճակ էր, բոլորն ահազանգում էին, որ պարեկները չեն կարողանում երթևեկությունը կարգավորել, բոլոր տեղերում խցանումներ են և այլն: Բայց դա տևեց ընդամենը մի քանի օր, որից օր հետո ամեն ինչ ընկավ իր տեղը և մարդիկ սկսեցին տեսնել, նկատել ծառայության նոր որակ, քաղաքացու հետ հարաբերությունների նոր մակարդակ: Եվ այսօր արդեն կարող ենք ասել, որ նույնիսկ Պարեկային ոստիկանությունն ամբողջությամբ հիմնադրված չլինելով,  սա չափազանց կարևոր և իրեն արդարացրած բարեփոխում է: Իհարկե, դժվարություններ եղել են, շարունակելու են լինել, բայց անխուսափելիորեն մենք պետք է շարունակենք բարեփոխումների մեր ճանապարհը, և Ոստիկանության բարեփոխումների առանցքային նպատակի մասին չմոռանանք:

Այդ առանցքային նպատակը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու պաշտպանվածության ավելի մեծ զգացում հաղորդելն է և քաղաքացու համար պաշտպանվածության իրականություն ստեղծելն է: Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ միջազգային կառույցների գնահատականով՝ Հայաստանն իրավակարգի, քրեածին իրավիճակի առումով աշխարհում 9-րդ տեղն է զբաղեցնում, այսինքն՝ լավագույնների մեջ 9-րդ տեղը, և կարող եք պատկերացնել, թե սա ինչ կարևոր ցուցանիշ է: Իհարկե, այստեղ միայն Ոստիկանությունն ու Պարեկային ոստիկանությունը դեր չունեն, շատ կարևոր է նաև մեր ժողովրդի ընդհանուր վերաբերմունքը, ապրելակերպը, արժեքային համակարգը, որը նույնպես շատ էական ազդեցություն է ունենում: Բայց կարծում եմ, որ Ոստիկանության բարեփոխումները և, ընդհանրապես, դատաիրավական համակարգի այն բարեփոխումները, որ իրականացնում ենք, շատ ուղիղ և էական ազդեցություն են թողնում այս գործընթացի վրա: Եվ ուրախ եմ, որ մենք ահա՝ աշխատելով, բազմաթիվ փորձություններ հաղթահարելով՝ եկանք, հասանք այս օրը, երբ Հայաստանի Հանրապետությունում ամբողջապես Պարեկային ոստիկանությունն այլևս իրականություն է, և առաջիկայում ընդամենը ևս մի կոմպոնենտ կավելանա՝ դեկտեմբերին նաև Սևանա լճի վրա կգործարկվի ջրային և առափնյա ծառայությունը, որն արդեն հիմնադրված և գոյություն ունեցող Գեղարքունիքի մարզի ծառայության շրջանակներում է, և դրանով մենք կամփոփենք այս փուլը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով հետագա քայլերին` հավելել է. «Մեր առաջիկա խնդիրը, ռազմավարական նպատակը Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն առնվազն 30 տոկոս դարձնելն է: Ուզում եմ հատուկ ընդգծել և շնորհավորել բոլոր այն կանանց, ովքեր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում: Ցանկանում եմ բոլորիդ ողջունել ու շնորհակալություն հայտնել, որ դուք էլ եք հավատացել: Եթե չհավատայիք, որ այն, ինչ ասում է Կառավարությունը,  իրողություն է դառնալու, և Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության իրավակարգը ձեր աջակցության կարիքն ունի, ահա այս օրն այսպիսին չէր լինի»։