Փաշինյանը չկատարեց այն, ինչ խոստացել էր իր իսկ կառավարության ծրագրով․ նա խաբել է հայ ժողովրդին

Հայաստանն այսօր գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ։ Եվ այդ իրավիճակը հետևանք է ՀՀ իշխանության կողմից վարվող հակահայ, էքսցենտրիկ արտաքին քաղաքականության: Սրանք ձախողել են բոլոր ոլորտներում` հայ ժողովրդին կանգնեցնելով պետականության կորստի առաջ։

Փաշինյանը լինելով պոպուլիստ գործիչ` նրա քաղաքականության առանցքում սուտն է, կեղծիքը, տված խոստումները չկատարելը, սեփական մեղքերը ուրիշների վրա բարդելը: Խոսուն փաստ է այն, որ նա չի կատարում անգամ իր իսկ կառավարության ծրագրերը կամ կատարվում են գրվածին ճիշտ հակառակ:

Ընթերցեք 2021-2026 թվականների ՀՀ կառավարության ծրագիրն ու կհամոզվեք ասվածում։ Բերեմ մի քանի օրինակ.

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին Փաշինյանի կառավարության ծրագրում նշված է.

«Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով, ներառյալ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտները, Հայաստանը շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։ Քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն է՛լ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Ռուսաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու հանգամանքը ևս կարևորություն է հաղորդում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին»:

ՀԱԿՊ-ի հետ համագործակցության մասին նույն ծրագրում շեշտվում է.

«ՀԱՊԿը դիտարկելով որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ` Կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին: 2021 թվականի սեպտեմբերին ստանձնելով ՀԱՊԿի նախագահությունը՝ Հայաստանը փորձելու է իր առաջնահերթությունների շրջանակներում ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը՝ ի նպաստ անդամ պետությունների և միջազգային անվտանգության»: Նաև ընդգծվում է․ «Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցել ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը և կազմակերպությունում ընթացող գործընթացներին: Շարունակվելու է կարևորվել նաև ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը»:

Կառավարության խորագրում անդրադարձ կա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը․

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու համար»:

Հավելեմ, որ սույն ծրագիրը Ազգային ժողովում ներկայացնելիս Փաշինյանն իր ելույթում հատուկ շեշտեց․ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցային գործընթացի վերականգնումը և ողջունում է 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո համանախագահողների արած հայտարարությունները, որոնց հիմնական շեշտադրումը հետևյալն է. զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման համար հնարավորինս արագ, առանց նախապայմանների վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Համանախագահները փաստել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ, և հարցի համապարփակ և տևական կարգավորումը պետք է տեղի ունենա կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքները, հիշեցնեմ, հետևյալն են. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն»:

Հիմա ինքներդ դատեք, արդյո՞ք Կառավարության ծրագրում ամրագրված այս դրույթներն իրականացվում են։ Իհարկե՝ ոչ։ Հայ-ռուսական հարաբերություններն այսօր գտնվում են չափազանց լարված, ճգնաժամային իրավիճակում: Վտանգված է հայ-ռուսական դաշնակցային հարաբեությունները: Միջազգային հարթակներից Փաշինյանը գրեթե չի քննադատում ցեղասպան, ագրեսոր Ադրբեջանին ու նրա հակահայ քաղաքականությանն օժանդակող Թուրքիային, որքան քննադատում է Ռուսաստանին:

Հոկտեմբերի 17-ին, Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ վարչապետի պաշտոնն զբաղեցնողը քննադատում էր Ռուսաստանին՝ ասելով․ «Երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում»,- ու այս խոսքերի համար նա արժանացավ եվրոչինովնիկների հոտնկայս ծափողջույններին։

44-օրյա պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քանիցս հայտարարեցին ՄԽ հովանու ներքո ԼՂ հիմնահարցի կարգավորման մասին: Մինչդեռ ՀՀ իշխանությունը ոչ մի գործնական քայլ չարեց այս ուղղությամբ: Ավելին, Փաշինյանն Ալիևի հետ ուղղակիորեն տապալեց գործընթացը:

Դառնանք ՀԱՊԿ-ին։ Ասում են` ՀԱՊԿ-ը դավաճանեց Հայաստանին ու հանդես չեկավ Ադրբեջանի հարցում համապատասխան հայտարարությամբ: Հարց է առաջանում, իսկ ինչու Փաշինյանի իշխանության օրոք ՀԱՊԿ-ի ու Հայաստանի ջրերը դադարեցին մեկ առվով գնալ: Ինչու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին այդպես չէր։

Հիշենք՝ 2016-ի քառօրյա պատերազմից հետ երբ Երևանում կայացավ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը, ավարտին կազմակերպությունը հանդես եկավ համատեղ հայտարարությամբ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մեջբերեմ հայտարարության հետևյալ հատվածը.

«Հայտարարության մեջ կողմերը վերահաստատում են, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, հակամարտության խաղաղ կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափն անփոփոխ է, ինչպես նաև վերահաստատել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահների հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը»: Սակայն այս ամենը զրոյացվեց 2018-ին Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական գունավոր հեղափոխության հետևանքով:

Փաշինյանը խաբել է հայ ժողովրդին, նա տարբեր տեխնոլոգիրաների կիրառմամբ հաջողել՝ թե՛ 2018-ին, թե՛ 2021-ին կորզել մեր ժողովրդի քվեն: Այլևս բոլորի համար պարզ է, որ նա բերվեց իրականացնելու մի ծրագիր, որի վերջնանպատակը Հայաստանի՝ հայի հայրենիքի վերացումն է։

Եվ այսօր Հայաստանի Հանրապետության ճակատագիրը որոշողը այս արարածն է, ով երկիրը ղեկավարում է իր թրքահպատակ երևակայությունների ու պատկերացումների համաձայն։ Իսկ նրա պատկերացումներում չկա հայկական, ազգային, Հայաստանի պետական շահը։ Եվ այս ամենից զուրկ արարածը միտումնավոր տապալել է ՀՀ արտաքին քաղաքականությունը, մեզ հեռացրել մեր դաշնակիցներից։ Նա թուրքին հանձնեց Արցախը, այսօր հանձնում է նաև Հայաստանի Հանրապետությունը։

Կարինե Գևորգյան