Ռուսաստանը Թուրքիայում կստեղծի գազային հաբ

Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` թուրքական դիվանագիտական շրջանակների կողմից տրամադրված տեղեկատվության մանրամասներ են հրապարակվել, որտեղ նշվում է, որ Թուրքիայում կստեղծվի գազային հաբ, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի էներգետիկայի նախարարության և «Գազպրոմի» միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն Թուրքիայում գազային հաբ ստեղծելու վերաբերյալ։ Ըստ այդմ՝ կպատրաստվի և կստորագրվի  ճանապարհային քարտեզ, որը հնարավորություն կտա գործնական քայլեր ձեռնարկել ծրագրի կյանքի կոչման համար։ Գազային հաբ ստեղծելու ճանապարհային քարտեզը կարող է իրակացվել մինչև ընթացիկ տարեվերջ։

Նշվում է նաև, որ հոկտեմբերին Մոսկվայում կայացած «Ռուսական էներգետիկայի շաբաթվա» շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթարը։ Քննարկման  օրակարգային հարցը եղել է Թուրքիայի տարածքում միջազգային գազային հաբի ստեղծումը։