Պաղեստինյան պայքարի լուսումութը

Գրականագետ, հրապարակախոս Կարո Վարդանյանը անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտության պատմությանը՝ բացառիկ նյութ է հրապարակել՝  Հակոբ Հակոբյանի հաղորդագրությունը, որը տպագրվել է 1984թ․։

«Այս մարդիկ Պաղեստինյան դիմադրության երբեմնի առաջնորդներից են: Նրանք կարողացան իրենց ողջ ժողովրդին համախմբել պայքարի շուրջ և հռչակվեցին սիոնիզմի դեմ անհաշտ կեցվածքով: Առաջնորդին՝ Յասեր Արաֆաթին (Աբու Ամմար) աշխարհը լավ է հիշում: Կողքի անձինք նրա ամենահավատարիմներն են՝ Խալիլ ալ Վազիրը (Աբու Ջիհադ) և Սալահ Խալաֆը (Աբու Այադ): Սրանց պայքարը ոգեշնչեց նաև Հակոբ Հակոբյանին (Հարություն Թագուշյան), ով պատանի տարիներից միացավ նրանց ու կարճ ժամանակ անց հավասարի իրավունքով կանգնեց նրանց կողքին: Աշխարհը սարսափում էր այս մարդկանցից, նրանց հռչակում տեռորիստներ ու ամեն տեղ որոնում նրանց: Միայն Արաֆաթի դեմ տասնյակից ավելի մահափորձ եղավ, որոնցից միշտ մի հրաշքով փրկվում էր: Պատահեց այնպես, որ 1980-ականների սկզբին Արաֆաթի կարողությունը հասավ երեք մլրդ դոլարի: Իհարկե, այդ մասին իմացվեց տարիներ անց: Դա՞ էր պատճառը, թե կային այլ պատճառներ, բայց նույն 1980-ականներին Արաֆաթն ու իր երկու մերձավորները որոշեցին «խաղաղություն» խաղալ, սկսեցին բանակցել Իսրայելի հետ, զիջումներ անել: Կազմակերպության ներսում մեծ ցնցում առաջացավ, արմատական հակասիոնիստները ընդվզեցին: Այս եռյակին հաջողվեց խեղդել հայրենասերների ցասումը, շատերին նենգորեն ձերբակալել ու խոշտանգելով վերացնել:

Արաֆաթը ձիթենու ճյուղը ձեռքին մտավ ՄԱԿ՝ ջատագովելով խաղաղություն: Աշխարհը հիացավ նրանով, երբեմնի «տեռորիստին» հռչակեց խաղաղության խորհրդանիշ, պատվեց Նոբելյան մրցանակով:

Արդեն ԱՍԱԼԱ-ն ստեղծած Հակոբյանը, որ սրանց բոլորի հետ պահել էր բարեկամական հարաբերություններ, ևս ցասումով ընդունեց նրանց նահանջը: Հատկապես ծանր տարավ իր երբեմնի զինակիցների սպանդը, որոնց հետ բազմիցս մահվանն ընդառաջ էր գնացել, կործանարար հարվածներ հասցրել սիոնիստական թիրախներին: Այս շրջանում էր, որ խզեց իր բոլոր հարաբերությունները սրանց հետ, հանդես եկավ նրանց դավաճանությունը խարազանող մի շարք հաղորդագրություններով: Ստորև ներկայացվողը այդ բացառիկ հաղորդագրություններից մեկն է, որն ԱՍԱԼԱ-ն հրապարակեց 1984-ին:

«Պատմությունը կը վկայե, թե դավաճանությունը միայն ու միայն իր ցանած չարիքը կը հնձե: Դավաճանները ժողովուրդի ձեռամբ պիտի ճզմվին: Դավաճաններու ճակատագիրը ձախողությունն է:

Խոր հավատք ունինք պաղեստինցի պայքարող ժողովուրդի նկատմամբ: Ան վերջ պիտի տա անձնատուր աջակողմյան հետադիմության գործելաձևին և իր հերոս զավակներու զոհողությամբ պիտի հառաջ տանի հեղափոխական ուղին: Հակառակ կայսերապաշտության անսահման օժանդակության, ան սիոնական թշնամիի ճիրաններեն պիտի փրկե բռնագրավյալ հայրենիքի մինչև վերջին հողամասը:

Մա՛հ կայսերապաշտության, սիոնականության և ֆաշականության՝ ժողովուրդներու իրավունքներն ու հայրենիքները կեղեքողներուն:

Մա՛հ Արաֆաթ-Վազիր-Խալաֆ ղեկավարության ու անոր դավաճանական, անձնատվական և շեղած գործելաձևին:

Անմահություն հինգ նահատակներուն՝ Խըտըր Իպրահիմ Ապտըլ Ֆաթթահ, Ուալիտ Ապտըլ Ռահման Շահատե, Ժեմիլ Սալեմ Մուհամմատ, Ահմատ Սալիմ Ահմատ, Ալի Մուսա Մուհամմատ՝ որոնք հերոսաբար ինկան՝ առևանգվելե ետք:

Հաղթանա՛կ պաղեստինցի ժողովուրդին ու անոր արդար դատին:

Հաղթանա՛կ՝ խավարի, ճնշման և գաղութարարության դեմ մաքառող բոլոր ժողովուրդներուն»:

ՀԱՀԳԲ, 20 Մայիսի, 1984, «Հայաստան» պաշտոնաթերթ:

Հ.Գ. Օրերս աշխարհը վերստին ծափահարեց ցինիզմին, փնթիությանը, թալանին ու հողատվությանը: Ծափահարեց հոտնկայս: Նոբելյան մրցանակն էլ սարերի հետևում չէ»: