Մերձմոսկովյան ամառանոցում դաժանաբար սպանվել են Ստաս Նամինի որդին և զոքանչը

Մերձմոսկվայում դաժանաբար սպանվել են ռուսական ռոքի լեգենդի՝ «Парк Горького» և «Цветы» խմբերի հիմնադիր Ստաս Նամինի որդին և զոքանչը։ Ինչպես գրել է SHOT-ը, ռեժիսոր Արտյոմ Միկոյանը և նրա տատիկը՝ Պոլինա Տկաչենկոն, հայտնաբերվել են ամառանոցում, դանակի բազմաթիվ հարվածների հետքերով։

Թելեգրամ-ալիքի տվյալներով՝ երաժշտի 85-ամյա զոքանչին և 35-ամյա որդուն սպանել են երեկ երեկոյան Իստրայի շրջանի Կրյուկովո գյուղի քոթեջում։ Քննիչները պայքարի հետքեր չեն հայտնաբերել, բոլոր իրերը տանը մնացել են իրենց տեղերում։

Մարդասպանին հաջողվել է բռնել թեժ հետքերով։

Ինչպես տեղեկացրել է Mash Թելեգրամ-ալիքը, կինն սպանվել է կրծքին հասցված դանակի հարվածով, որդին ամբողջ մարմնի վրա ծակող-կտրող հարվածների հետքեր ունի։ Կասկածյալին հարցաքննում են։ Աղբյուրի տվյալներով՝ նա սպանված 35-ամյա Արտյոմ Միկոյանի խորթ եղբայրն է։ Մոսկվայի մարզի ՔԿ քննիչները խուզարկություններ են կատարում։