Երբ պետական շահերդ պաշտպանելու հասցեատեր չունես

Երկակի ստանդարտներ, կեղծավորություն`կարևոր չէ, եթե պետական շահերդ պաշտպանելու հասցեատեր չունես:

Աշխարհում նախադեպային են ինչպես քննադատությունները կատարված հանցագործություններին, այնպես էլ արհամարանքն ու անգործությունը: Հաճախ համահավասար գործողություններից մեկն աններելի է ու տասնամյակներ են պետք «մեղքը քավելու» համար, մյուս դեպքում դրանք թղթի վրա արձանագրելն անգամ աշխարհի համար դառնում է անհնարինություն:

Այս ճշմարտությունն այնքան բացահայտ է, որ կարելի համարել ծեծված և որևէ անդրադարձ անգամ սրան չանել: Բայց, երբ այս հարյուրամյակներով ապացուցված իրողությունը դառնում է մի ողջ ազգի ու երկու պետության կործանման արդարացում, այն հանդուրժել չի կարելի:

Բացատրել, թե կործանվեց մեր պետությունը, որովհետև աշխարհը երկակի կամ քառակի ստանդարտներով է ապրում, նույնն է, ինչ հրաժարվես սնվել, պատճառաբանելով, որ իմաստը չես տեսնում կամ վնաս է առողջությանը:

Քեզ պաշտպանել կարողանալուց է միայն աշխարհը քո հանդեպ կիրառելու քեզ համար ընդունելի ստանդարտը:

Քո շահը պաշտպանելուց հետո է միայն աշխարհը այդ ստանդարտը հարմարացնելու հենց քեզ համար:

Ստեփանակերտի հիվանդանոցը ռմբակոծել կարելի է, Արցախը հայաթափել կարելի է, բայց ոչ այն պատճառով որ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ կան, կամ չկան, այլ որ Ստեփանակերտն ու արցախահայությանը պաշտպանելու հասցեատեր չկար:

Աշխարհի կարգերի փոփոխության մասին շատ են խոսում մասնագետները: Ասում էին, թե կորոնավիրուսից հետո անշրջելի կփոխվի, հետո ասում էին ռուս-ուկրաինականն է շրջելու, հիմա վերլուծությունների հերթը Մերձավոր Արևելքինն է:

Թույլ տվեք ասեմ, որ չեմ կարծում, թե աշխարհը փոխվել է, ուղղակի այն մեզ համար դարձել է բացարձակ հասկանալի` ցուցադրելով իր իրական դեմքը: Դեմք, որը միշտ նույնն է եղել` երկակի ու կեղծավոր:

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից