Կյանք փրկած միջամտություն «Նորք-Մարաշ» ԲԿ-ում

Արցախյան սեպտեմբերյան դեպքերի ժամանակ վիրավորում ստացած և «Նորք-Մարաշ» ԲԿ տեղափոխված հերոսներից մեկը անոթային նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու կարիք ուներ։

Պացիենտը՝ 34տ., տեղափոխվել էր «Նորք-Մարաշ» ԲԿ պարանոցի և թիակի շրջանի հրազենային-գնդակային վիրավորումով, թիակի և կողերի կոտրվածքով և տրախեստոմիկ խողովակի միջոցով շնչառությամբ։ Բժշկական կենտրոնից հայտնում են, որ կատարված համակարգչային տոմոգրաֆիա հետազոտությամբ հայտնաբերվել էր աջ ընդհանուր քնային զարկերակի ներկրծքային հատվածի հրազենային վնասում՝ երկու կեղծ անևրիզմաների ձևավորումով, և գնդակը մնացել էր պարանոցի հյուսվածքների մեջ՝ ուղեղը սնուցող անոթի և շնչափողի միջև։

Սրտային և անոթային վիրաբույժների համատեղ քննարկումներից հետո որոշում է կայացվել ընտրել քիչ տրավմատիկ (հիբրիդ) եղանակը. նախ ապահովագրել հիվանդին արյունահոսությունից, ապա հեռացնել վտանգավոր տեղում գտնվող գնդակը։

Ընդհանուր անզգայացմամբ մեկ միջամտության ընթացքում անոթային կլինիկայի թիմի կողմից (բժիշկներ Վ. Հովակիմյան, Ա. Զաքարյան, Գ. Օրբելյան, անեսթեզիոլոգ Ա. Գրիգորյան) նախ պունկցիոն եղանակով կատարվեց աջ ընդհանուր քնային զարկերակի վնասված հատվածի էնդոպրոթեզավորում (ստենտ-գրաֆտի տեղադրում), ապա աջ վերանրակային մուտքից ռենտգեն հսկողությամբ կատարվեց գնդակի հեռացում։

Հետվիրահատական հաջորդ օրը կատարվել է տրախեոստոմիկ խողովակի հեռացում, հիվանդի ակտիվացում, իսկ 5-րդ օրը պացիենտը դուրս գրվեց «Նորք-Մարաշ» ԲԿ-ից  և միացավ Արցախից վերադարձած իր ընտանիքին։