Էկոնոմիկայի նախարարությունում ՀՀ գործարարները համագործակցության առաջարկներ են ներկայացրել ԼՂ-ից տեղահանված ֆերմերներին

Հոկտեմբերի 12-ին էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ֆերմերների և գյուղատնտեսության ոլորտում գործող գործարարների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են ինչպես Կառավարության կողմից առաջարկվող ու գործող ծրագրերը, այնպես էլ վեր են հանվել ԼՂ-ից բռնի տեղահանված ֆերմերների խնդիրներն ու կարիքները: Հանդիպման մանրամասները ասուլիսի ժամանակ ներկայացրին էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Աշխեն Շիրվանյանը:

Արման Խոջոյանը տեղեկացրեց, որ հանդիպմանը ներկա են եղել նաև հայաստանյան գործարարներ: Նրանցից մեկը, օրինակ, տեղեկացրել է, որ ունի 1100 հեկտար հողատարածք և պատրաստ է քննարկել 50 և ավելի հեկտար մշակելու ցանկություն ունեցող անձանց առաջարկները՝ համագործակցության սկզբունքով: Այլ ընկերություններ առաջարկել են օժանդակել վաճառքի և արտադրանքը շուկա հանելու գործում:

«Վեր հանված խնդիրների հիման վրա նախատեսում ենք վերանայել ծրագրերը և անհրաժեշտ փոփոխություններ կատարել, մասնավորապես՝ սահմանել այնպիսի պայմաններ, որոնց միջոցով հնարավորություն ենք ընձեռում ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին՝ օգտվելու գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերից»,- ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը՝ տեղեկացնելով, որ ծրագրերը շատ են և բազմոլորտ, միտված են գյուղատնտեսության զարգացմանը.- «Էկոնոմիկայի նախարարություն էլ պատրաստակամություն է հայտնում աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին՝ տվյալ ծրագրերից օգտվելու և շահառու դառնալու համար»: