Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվել․ փաստաբան

Արցախի Ազգային անվտանգության նախկին քարտուղար  Վիտալի Բալասանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, գործը՝ կարճվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

«Եթե գործի վարույթը շարունակվեր և դատական քննությունն ընթացք ունենար, գտնում ենք, որ հարուցված քրեական գործը և առաջադրված մեղադրանքը հիմնավոր չեն եղել և Վիտալի Բալասանյանն անկասկած կարդարացվեր Արցախի դատարանների կողմից»,- նշել է փաստաբանը։

Հիշեցնենք, հուլիսի 13-ին Արցախի ԱԱԾ-ն իր իսկ տանից ձերբակալել էր Վիտալի Բալասանյանին, նրա որդուն, եղբորը, քեռորդուն։

Քրեական գործը, որի շրջանակներում խուզարկություն էր իրականացվել, վերաբերում է Բալասանյանի որդու կողմից վարկն իբրև ոչ նպատակային օգտագործելու հետ:

Իրավապահները բերման էին ենթարկել նաև նրա որդուն՝ Արթուր Բալասանյանին, եղբորը՝ Վաչիկ Բալասանյանին, քեռորդուն՝ Գարիկ Յուզբաշյանին, որոնք հարցաքննվել և ազատ են արձակվել։
Վիտալի Բալասանյանին մեղադրանք էր առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի չորս հոդվածով՝ գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, թմրամիջոցներ պահելու համար։