Արցախի ներկայացուցչությունը հիմա գործառույթներ չունի, շենքում նստած է Արցախի կառավարությունը՝ նախագահի ղեկավարությամբ

Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում այս պահին տեղավորված է Արցախի պետական ապարատը՝ Արցախի նախագահի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան նշեց Հայաստանում Արցախի ներկայացուցչության մամուլի պատասխանատու Արմինե Հայրապետյանը:

«Արցախի ներկայացուցչությունը Արցախի Հանրապետության ԱԳՆ ստորաբաժանումն է, որը տարիներ շարունակ իրականացրել է Արցախի արտաքին քաղաքականության որոշակի ուղղություններ ՀՀ-ում: Բացի դրանից Արցախի քաղաքացիների բազմաթիվ խնդիրների կարգավորումը վերապահված է Արցախի ներկայացուցչությանը: 44-օրյա պատերազմից հետո Արցախի կառավարության օպերատիվ շտաբն է գործում Աբովյան 9 հասցեում, և այդ գործառույթների մեծ մասը ներկա պահին իրականացնում է հենց շտաբը: Դրանք քաղաքացիների փաստաթղթերի հետ կապված խնդիրներն են, կենսաթոշակների, անձնագրերի հետ կապված հարցերն են, տեղահանված արցախցիների խնդիրներն են»,-ասաց նա:

«Այս պահին Արցախի ներկայացուցչության շենքում տեղի ունեցող անցուդարձը իրականում ներկայացուցչության օրակարգի մեջ չէ, որովհետև ինքներդ էլ գիտեք, որ շենքում են լինում Արցախի նախագահը, կառավարության ղեկավարը, ինչպես նաև խորհրդարանականներ: Իրենց հանդիպումները, գործառույթները ներկայացուցչությունը չի համակարգում, հետևաբար չեմ կարող ասել՝ ներկայացուցչության շենքում ինչ կարող է տեղի ունենալ, կլինի հանդիպում, թե չի լինի»,-ասաց Արմինե Հայրապետյանը: