Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հերքել են ժամանակավոր հրադադարի մասին տեղեկությունները. զոհերի թիվը հասել է 4200-ի

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը հայտարարել է, որ հարավային Գազայում որևէ հրադադարի համաձայնության մասին տեղեկություն չունի․ ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Եգիպտոսի անվտանգության ուժերում իր աղբյուրներին, նշել էր, որ Եգիպտոս-Գազա անցակետի բացմանը զուգահեռ կլինի հրադադար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հայտնում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը նույնպես հերքել է հրադադարի մասին լուրերը։

«Ներկայում չկա հրադադար և չկա Գազայում հումանիտար օգնություն՝ օտարերկրացիներին դուրս բերելու դիմաց», – հայտնել են Իսրայելի վարչապետի գրասենյակում։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նույնպես հայտարարել է, որ հարավային Գազայում հումանիտար հրադադարի մասին որևէ տեղեկություն չունի։

Ըստ Reuters-ի աղբյուրների՝ Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը պետք է մի քանի ժամով բացվեր: Դա պետք է թույլ տար, որպեսզի հումանիտար օգնություն մտնի տարածաշրջան, ինչպես նաև որոշ օտարերկրացիներ հեռանան։

«Ռաֆահ»-ի մոտ մեծ բազմություն է հավաքվել, սակայն ըստ վերջին տեղեկությունների՝ անցակետը դեռ փակ է։

Կահիրեում BBC-ի աղբյուրները ևս հայտնել են, որ ըստ էության, համաձայնություն կա ժամանակավոր հրադադարի շուրջ, սակայն որոշ հարցերի շուրջ տարաձայնությունները մնում են։ Եգիպտոսը հայտնել է, որ չի բացի անցակետը, մինչև եգիպտացի աշխատակիցների համար չլինեն անվտանգության երաշխիքներ։ Իսկ Իսրայելը, ըստ BBC-ի, ցանկանում է խուզարկել Գազա մտնող բոլոր բեռնատարները, որպեսզի զենք չմտնի տարածք։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 1400-ը։ 150 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Պաղեստինյան կողմում զոհերի թիվը, ըստ Առողջապահության նախարարության, հասել է 2808-ի։ Նրանցից 2750-ը զոհվել է Գազայում, 58-ը՝ Հորդանան գետի արևմտյան ափին։ Երկու կողմերից վիրավորների թիվը 10 950 է, այդ թվում՝ 9700-ը՝ Գազայում։