ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան աշխատակցին մահացած են գտել Թուրքիայի հյուրանոցի համարում

ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցը վախճանվել է հոկտեմբերի 12-ին, 61 տարեկանում, տեղեկացրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

«Կյանքից հեռացել է տաղանդավոր դիվանագետը, փորձառու ղեկավարն ու սրտակից ուսուցիչը, որն իր ողջ աշխատանքային կյանքը նվիրել է Հայրենիքի արտաքին քաղաքական շահերի պաշտպանությանը»,- նշվել է հաղորդագրությունում։

Թուրքական NTV հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Կոբրինեցին մահացած են գտել հյուրանոցի համարում, հյուրանոցը գտնվում է Ստամբուլի Թաքսիմ շրջասնում։

Նրա գործընկերները փորձել են զանգահարել դիվանագետին այն բանից հետո, երբ նա հանդիպման չի եկել։ Դրանից հետո հյուրանոցի աշխատակիցները մտել են Կոբրինեցի համար և գտել նրա դին։

Նախնական տվյալներով՝ դիվանագետը մահացել է սրտի նոպայից։ Դիվանագետի մարմինը տարվել է դիահերձարան՝ մահվան ստույգ պատճառը պարզելու համար։

Կոբրինեցը ծնվել էր 1961թ. դեկտեմբերի 21-ին Մոսկվայում։ 1984թ. ավարտել էր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական իսնտիտուտը։