Ադրբեջանը Pegasus-ի օգնությամբ գաղտնալսել է 12 հայաստանցիների․ ԵԽԽՎ

Վերջին զեկույցները բացահայտում են, որ Ադրբեջանը Pegasus լրտեսական ծրագրի միջոցով գաղտնալսել է 12 հայաստանցիների։ Այս մասին ասված է ԵԽԽՎ 2513 բանաձևում։

Ըստ տեղեկատվության, Ադրբեջանի կողմից գաղտնալսման զոհերի թվում նաև պետական պաշտոնյաներ են, իսկ գաղտնալսումն իրականացվել է  Հայաստան-Ադրբեջան հակամարտության շրջանակում։

«Անհերքելի  ապացույցներ կան, որ Ադրբեջանն ծրագիրն օգտագործել է, այդ թվում՝ Հայաստանի հետ հակամարտության ժամանակ»,-ասված է  բանաձևում։

Վեհաժողովը դա գնահատել է որպես անդրազգային նպատակային հսկողության օրինակ:
ԵԽԽՎ բանաձևում նշվում է, որ Pegasus-ի օգնությամբ Ադրբեջանը գաղտնալսել է նաև լրագրողների, անկախ ԶԼՄ-ների սեփականատերերի, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստների։

Ըստ բանաձևի, 2021 թվականի հուլիսին հետաքննող լրագրողների միջազգային կոալիցիան Amnesty International-ի անվտանգության լաբորատորիայի («Պեգասուս նախագիծ») տեխնիկական աջակցությամբ, հրապարակել է տեղեկատվություն ավելի քան 50 000 հեռախոսահամարների արտահոսքի մասին, որոնք ճանաչվել են որպես հավանական թիրախներ։ Այս ցուցակում ներառված էին իրավապաշտպաններ, քաղաքական հակառակորդներ, իրավաբաններ, դիվանագետներ, պետությունների ղեկավարներ և մոտ 200 լրագրող 24 երկրներից։

NSO Group իսրայելական ընկերությունը մշակել և գլոբալ շուկա է հանում Pegasus կոչվող լրտեսող ծրագիր: Աշխարհի 11 երկրներ ճանաչվել են որպես NSO-ի պոտենցիալ հաճախորդներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկու երկրներ՝ Ադրբեջանը և Հունգարիան: