Սերժի պահած Արցախն ու Նիկոլի հանձնած Ղարաբաղը

Սա 2012 թվականի մայիսի 9-ն է, որտեղ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է  Հաղթանակի շքերթը՝  նվիրված Շուշիի ազատագրման ու Պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ ու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 67-րդ տարեդարձերին:

Տրիբունայում են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ամենայն հայոց կաթողիկոսն ու այլ բարձրաստիճան այրեր։

Այս նկարում արցախցին հպարտ է, արժանապատիվ հաղթանակած, գլուխը բարձր, անվտանգ։ Արցախի Հանրապետությունը խաղաղ է, արցախցին իր պատմական հայրենիքում է, իր հողում, իր բնօրրանում, նշում են եռատոնը, իրենց ուժն ի ցույց դնում աշխարհին, չնայած նրան, որ աշխարհը այս փոքրիկ հայկական պատմական հողը որպես սուվերեն տարածք և անկախ պետություն չի ճանաչում, սակայն կան բոլոր նախադրյալները՝ հասնելու այդ կետին։ Այստեղ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է, Հայաստան-Արցախ հարաբերություններում ջրբաժան չկա, հայաստանցի արցախցի տարանջատում չկա, այստեղ բոլորը հպարտ են, որ հայ են, հաղթանակած հայ, հայ, որը ունի երկու հզոր պետականություն՝ Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն։

Այստեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան ու ԱՀ նախագահ Բակո Սահակյանն են․ պատերազմի բովով անցած ու հաղթանակի համը ճաշակած երկու հայկական պետությունների ղեկավարները։

Այս նկարում Փաշինյանն ու իր կինը Շուշիում մասնակցում են Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը։ Այստեղ բոլորը երջանիկ են, ուրախ, նրանք գտնվում են Սերժ Սարգսյանից ժառանգություն ստացած ազատ և անվտանգ Արցախի սիրտ Շուշիում։

Սա 2020 թ․ նոյեմբերի 22-ն է՝ Արցախի կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի առաջին հանդիպումն է Հայաստանում։

Փաշինյանը Արայիկ Հարութունյանին ասում է, որ պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

Փաստեմ, որ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ին Արցախի կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո չի մեկնել Արցախի Հանրապետություն, չնայած նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի որևէ կետում ներառված չի, որ արգելվում է Փաշինյանի այցն Արցախ։ Նրա վերջին այցն Արցախ տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 5-ին։

2022 թվականի հոկտեմբերի 6․Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Էրդողանը և քոչվոր պետության ղեկավարը որոշում են Արցախի և Հայաստանի ճակատագիրը։

Հենց այդ հանդիպման ընթացքում Փաշինյանը ստորագրում է մի փաստաթուղթ, որտեղ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս և շեշտում, որ ճանաչում է քոչվոր պետության տարածքային ամբողջականությունը 86 600 քառ․ կմ տարածքով՝ ներառյալ պատմական Մեծ Հայքի տասներորդ նահանգը՝ Արցախի Հանրապետությունը։ Այսպիսով Փաշինյանը կմնա պատմության մեջ որպես միակ ՀՀ ղեկավար, որը ճանաչել է Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում։

Իսկ սա Նիկոլի պահած, ավելի շուտ հայաթափած Ստեփանակերտի Վերածննդի հրապարակն է, երբեմնի աշխարհի ամենամաքուր, խաղաղ ու գեղեցիկ մայրաքաղաքը։ Այժմ այն դատարկ է, արցախցիները ագրեսոր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից մի կերպ մազապուրծ են եղել և բռնի տեղահանվել  Հայաստան։

Այս ցանկն այլևս չեմ կարող շարունակել, քանզի նիկոլի թեթև ձեռամբ և որոշմամբ Արցախը հետայսու հանձնված է թշնամուն և ամբողջությամբ օկուպացված է նրա կողմից։

Միգուցե ասելիքս շատերին անհնարին թվա, սակայն եթե մոտ ապագայում կամ տարիներ անց մենք չկարողանանք մեր մեջ բավարար կամք, ուժ, արժանապատվություն գտնել  ու վերադարձնել մեր հայրենիքի ամենաքաղցր կտորները, ապա Արցախի հողը, որը մեր անմեղ, բայց պայքարող ու մինչև վերջին շունչը մարտչնող հայորդիների արյամբ է լցված՝ ինքն է ապստամբելու և վրեժխնդիր լինելու, որովհետև ոչ մի ադրբեջանցի չի կարող և իրավունք չունի քայլելու հայի արյամբ լցված հողի վրա։

Լուսինե Այրապետյան