Խաղաղությունն ու սահմանազատումն ավելի շատ Հայաստանին են պետք. Ադրբեջանի ԱԽՔ

Երկրի պատմության մեջ նոր էջ բացելու հայ հասարակության կոչերը հույս են տալիս, որ Հայաստանը, այնուամենայնիվ, կձգտի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը։ «Խաղաղության պայմանագրի ստորագրումից կորցրած յուրաքանչյուր օր Հայաստանին մոտեցնում է ավելի մեծ կորուստների»,- սպառնացել է Ուսուբովը։

Նա նշել է, թե իբր խաղաղության պայմանագրի ստորագրումը, սահմանների սահմանազատումը Հայաստանին այժմ ավելի շատ են պետք․ «Մեր սահմանները վերցվել են լիակատար վերահսկողության տակ, ռազմավարական դիրքերը, որոնք կարող են սպառնալ անվտանգությանը, գտնվում են մեր զինվորականների լիակատար վերահսկողության ներքո», – ասել է Ուսուբովը։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այժմ ձևավորում է անվտանգության նոր համակարգ ոչ միայն մեր երկրի, այլև ողջ Կովկասյան տարածաշրջանի համար»,- հայտարարել է Բաքվի պաշտոնյան՝ շեշտելով, թե Ալիևը նաև տարածաշրջանի համար «նոր աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական քարտեզ է ձևավորում»։

Նա անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքին», նշելով, թե դրա բացումը լրացուցիչ խթան կհանդիսանա ողջ տարածաշրջանի զարգացման համար և մեծ տնտեսական օգուտ կբերի Հայաստանին։