Հարաբերական դադարից հետո ՀԱՄԱՍ-ը նորից գնդակոծում է Իսրայելը․ Երուսաղեմում պայթյուններ են որոտացել

Հարաբերական դադարից հետո ՀԱՄԱՍ-ը նորից գնդակոծում է Իսրայելը։ Նշվում է, որ հրթիռային տագնապի ազդանշաններ են հնչում ամբողջ Իսրայելում, այդ թվում՝ Թել Ավիվում, Երուսաղեմում, Գազայի հատվածի շրջակա քաղաքներում,

Ռիշոն լե Ցիոնում, Աշդոդում։ Ականներ են ընկել Աշդոդում և Աշքելոնում։ Երուսաղեմում պայթյուններ են որոտացել օդային տագնապի ազդանշանի գործարկումից հետո, հայտնում է  «The Times Of Israel» պարբերականը։ Հաղորդվում է նաև Թել Ավիվում և Երուսաղեմ-Թել Ավիվ մայրուղու վրա հասցված հարվածների մասին:

Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել էր քաղաքներում ռազմական գործողությունների ավարտի մասին: ՑԱԽԱԼ-ի տեղեկություններով՝ Գազայի հատվածի հետ սահմանների երկայնքով բոլոր բնակավայրերը գտնվում են իսրայելցի զինվորականների վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման է ենթարկվել։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարել է, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում:

Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 700 խաղաղ իսրայելցի, վիրավորվել՝  2315 մարդ։