Ռաիսին ընդգծել է Իրանի և Ադրբեջանի սահմանին «Արաս» անցակետի կառուցումն արագացնելու անհրաժեշտությունը

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսին ընդգծել է Իրանի և Ադրբեջանի սահմանին «Արաս» անցակետի կառուցումն արագացնելու անհրաժեշտությունը։

Կառավարության նիստում Ռաիսին նշել է, որ այդ նախագիծը կբարձրացնի տնտեսական և առևտրային համագործակցության մակարդակը, փոխգործակցությունը և փոխանակումները երկու երկրների, ինչպես նաև տարածաշրջանի երկրների միջև։ «Տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների երկխոսության միջոցով և առանց կողմնակի երկրների միջամտության»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ անցած հանգստյան օրերին օկուպացված Զանգելանի շրջանի Աղբանդ գյուղում տեղի է ունեցել Ադրբեջանից Իրան Արաքս գետի վրայով ավտոմեքենաների կամրջի հիմնարկեքի արարողությունը։ Տեղեկացվել է, որ կամրջի շինարարության հետ միասին կստեղծվի սահմանային և մաքսային ենթակառուցվածք։

Կողմերի կարծիքով՝ «ստեղծվող ենթակառուցվածքները կնպաստեն բեռնափոխադրումների ավելացմանը և կթեթևացնեն մուտքն ու ելքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն»։