«Ադրբեջանի հետին նպատակը Արցախի Հանրապետությանը որպես ահաբեկչական կազմակերպություն մատուցելն է»․ Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքական և ռազմական գործիչների առևանգումները ցույց են տալիս, որ գործ ունենք քաղաքական գործընթացների հետ։ Եվ իրավական մեխանիզմներն օգտագործվել են ուժի ցուցադրության նպատակով։ Այս մասին «Մեդիա» կենտրոնում հարցազրույցի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

Ադրբեջանն առևանգել ու շինծու մեղադրանքներ է ներկայացրել Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաներին՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։

«Ադրբեջանը, քանի որ հասել է կայացած պետականության ոչնչացմանը և ինքնալուծարման ակտի ընդունմանը, մի քայլ ավել է դիտարկում և փորձում է պատժել այն անձանց, ովքեր նախ խորհրդանշական դերակատարում են ունեցել պետականության համար, օրինակ, Արցախի նախագահներն այդպիսի դեր ունեին և նրանք են ապահովել ժողովրդի համախմբումը և պայքարը՝ հանուն Արցախի միջազգային իրավական ճանաչման։

Երկրորդ, նրանք անձինք են, ովքեր առհասարակ իրականացրել են հայանպաստ գործունեություն և խելացի, ուժեղ հայի տեսակի շնորհիվ կարողացել են նպատակային գործունեություն իրականացնել, որը բնականաբար Ադրբեջանը պետք է դիտարկեր ի վնաս Ադրբեջանի ազգային շահերի։ Ուժեղ հայկական պետականությունը և մեր զարգացումը սպառնալիք է ընկալվում ադրբեջանական պետականությանը։