Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ. Տիգրան Բալայան

ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան։ Այս մասին դեսպանն ասել է «Brussels Signal» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը հարձակվելու է հենց Հայաստանի վրա։

Հարցազրույցում Տիգրան Բալայանն ասել է, որ միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները դատարկ են։

«Հիմա մենք գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ»,- ասել է նա։

«Հիմնական խնդիրն այն էր, որ նախագահ Իլհամ Ալիևը իր էքսպանսիոնիստական ծրագրերի համար մինչև հիմա որևէ կոնկրետ հետևանքներ չի ունեցել։

Այն բանից հետո, ինչ Ադրբեջանն անվանեց «հակաահաբեկչական գործողություն», Լեռնային Ղարաբաղը կապիտուլյացիայի ենթարկվեց, և դրան հաջորդեց այնտեղ բնակվող ավելի քան 100 հազար հայերի զանգվածային արտագաղթը։

Այժմ Հայաստանը պնդում է, որ նախագահ Ալիևը մտադիր է ավելին անել: Խոսքը, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որը բուն Ադրբեջանը բաժանում է Նախիջևանից», նշում է լրատվամիջոցը։

Տիգրան Բալայանը նաև բլեֆ է համարել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը «Brussels Signal»-ին, թե իր երկիրը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի հետ կապված որևէ ծրագիր չունի։

Նա մեջբերել Է Ալիևի նախորդ հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը «շների պես կհետապնդի հայերին»: «Reuters»-ը հաղորդում է նաև, որ Ալիևը վերջերս Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ասել է՝ Զանգեզուրը «պատմական ադրբեջանական հող է», նշում է լրատվամիջոցը։

Բալայանն ասել է, որ կան շատ «գործնական» միջոցներ, որոնք ԵՄ-ն կարող է ձեռնարկել Ադրբեջանին և նախագահ Ալիևին դիմակայելու համար:

Ըստ ԵՄ-ում ՀՀ դեսպանի՝ ԵՄ-ն Ալիևին պետք է վերջնաժամկետ տա Հայաստանի սահմանամերձ շրջանից իր բանակը դուրս բերելու և դադարեցնի ԵՄ-ի հետ Ադրբեջանի՝ առանց վիզայի համաձայնագրի գործողությունը, եթե նա չկատարի այն։ Նա նաև ասել է, որ «անհատական պատժամիջոցները կարող են հստակ ազդանշան լինել»։