«ՀԱՄԱՍ-ը աննախադեպ բարձր գին կվճարի»․ Իսրայելը հայտնել է Գազայի հատվածում «հակաահաբեկչական գործողության» մասին

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում «հակաահաբեկչական գործողության» մասին: «ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության դեմ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը կկոչվի «Երկաթե սրեր» օպերացիա»,- իր թելեգրամյան ալիքում հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է նաև, որ տասնյակ ինքնաթիռներ հարվածներ են հասցրել Գազայի հատվածում «ահաբեկիչների» օբյեկտներին։

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդ Մոհամեդ Դեյֆը հայտարարել էր, որ զինված խմբավորումը ռազմական գործողություն է սկսել Իսրայելի դեմ։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ի հարձակումից ժամեր անց X-ի իր միկրոբլոգում տեսաուղերձ է հրապարակել՝ հայտարարելով, թե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն աննախադեպ կոշտ պատասխանի է արժանանալու ռազմական գործողությունների համար։

«Իսրայելի քաղաքացիներ, մենք պատերազմի մեջ ենք, և մենք կհաղթենք։ Սա գործողություն չէ, էսկալացիա չէ, սա պատերազմ է։ ՀԱՄԱՍ-ը դրա համար աննախադեպ բարձր գին կվճարի»,- հայտարարել է Նեթանյահուն։

Նա նաև հայտնել է, որ կարգադրել է սահմանամերձ բնակավայրերը մաքրել ՀԱՄԱՍ-ի զինյալներից և պահեստազորայինների մոբիլիզացիա իրականացնել: