ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի դեմ նոր ռազմական գործողության մասին

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդ Մոհամեդ Դեյֆը հայտարարել է, որ զինված խմբավորումը ռազմական գործողություն է սկսել Իսրայելի դեմ, տեղեկացրել է Arab News-ը։

Դեյֆը իր հայտարարությունում հայտնել է, որ շաբաթ առավոտյան Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է 5 000 հրթիռ, սա դարձել է «Շտորմ Ալ-Աքսա» գործողության սկիզբը։ Իսրայելը նույնպես տեղեկացրել է, որ Գազայից երկիր են թափանցել գրոհայիններ։

«Մենք որոշեցինք ասել «բավական է»,- ասել է Դեյֆը՝ բոլոր պաղեստինցիներին կոչ անելով  դիմակայել Իսրայելին։

Դեյֆը, որն Իսրայելի կողմից մի քանի մահափորձերի է ենթարկվել, հանրության առջև ելույթ չի ունենում։ Նրա ուղերձը հնչել է ձայնագրված տարբերակով։

Իսրայելցի զինվորականներն իրենց հերթին հայտարարել են, որ «մի քանի ահաբեկիչներ թափանցել են իսրայելական տարածք», իսկ Իսրայելի պաշտպանության նախարարը հավանություն է տվել պահեստայիններին բանակ զորակոչելուն։

Իսրայելի տարածք ներթափանցումը տեղի է ունեցել այն պահին, երբ գրոհայինները շաբաթ առավոտյան Գազայի հատվածում Իսրայելի ուղղությամբ արձակել են տասնյակ հրթիռներ, ինչը հանգեցրել է օդային տագնապի հայտարարման ամբողջ երկրում և բարձրացրել է ծանր մարտերի նոր ալիքի հավանականությունը։