Բաքվում պահվող հայերը գտնվում են կյանքի անմիջական ու իրական սպառնալիքի ներքո․ Սիրանուշ Սահակյան

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի պնդմամբ՝ Բաքվում պահվող հայերը գտնվում են կյանքի անմիջական ու իրական սպառնալիքի ներքո, հետևաբար նրանց կողմից տրված որևէ տեղեկություն չի կարող արժանահավատ կամ օգտագործելի լինել ապացուցման նպատակով։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սահակյանն ընդգծել է՝ շատ կարևոր է, որ տարբեր մեխանիզմներով բարձրաձայնվի արդար դատաքննության իրավունքի խախտման մասին, ու, քանի որ հայ ռազմագերիների առնչությամբ նման գործընթացներ արդեն իսկ նախաձեռնվել են և ընթացքի մեջ են, ուստի նման գործընթացներ անհրաժեշտ է նախաձեռնել նաև ԼՂ ձերբակալված ռազմաքաղաքական գործիչների վերջին դրվագներով։

«Ձերբակալվել են մարդիկ, ովքեր խորհրդանշել են Արցախի պետականությունը և աչքի են ընկել հայանպաստ գործունեությամբ։ Մյուս կողմից անգամ դժվարությունների պայմաններում նրանք ոգեշնչել են արցախցիներին և պայքարել հանուն ինքնորոշման։ Եվ այստեղ ակնհայտ է, որ մենք գործ ունենք վրեժխնդրության հետ և քաղաքական դրդապատճառներով տվյալ անձինք ենթարկվում են հալածանքների։ Ակնհայտ է, որ հայատյացության պայմաններում, այս անձանց դերով պայմանավորված, բավականին մեծ են մարդու իրավունքների խախտման ռիսկերը և նրանց ֆիզիկական անվտանգությանն ու կյանքին սպառնալիք կարող է ներկայացվել՝ անկախ նրանից, թե Ադրբեջանն ինչպիսի հավաստիացումներ է տալիս։ Ադրբեջանը բազմիցս խախտել է համաձայնությունները, այդ թվում գրավոր։ Մենք առայսօր ունենք չհայրենադարձված ռազմագերիներ, ինչը հավելյալ վկայություն է, որ մարդասիրական խնդիրները լուծում չեն ստանում և այստեղ ընդամենը կան քաղաքական պրոցեսներ»,- ասել է իրավապաշտպանը։

Սահակյանի հավաստմամբ՝ միջազգայնորեն գործում են մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներով զբաղվող կառույցներ՝ ՄԱԿ-ի դատարան, ՄԻԵԴ։ Շուրջ մեկ տասնյակ հնարավոր հայցերի հավանականություն կա, այսինքն՝ գործնականորեն կարելի է իրավական ճանապարհով հասնել նախ մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության և, ինչու չէ, նաև դիվանագիտական աշխատանքի միջոցով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։ Ըստ իրավապաշտպանի՝ ամենագործուն ճնշման եղանակը թերևս պատժամիջոցներն են։ Նա դրական է գնահատում, որ գոնե հիմա, այսքան հանցագործություններից հետո հասունանում է այն թեզը, որ Ադրբեջանի գործողությունները պետք է սանկցավորվեն ու թիրախավորված պատժամիջոցներ պետք է կիրառվեն որոշակի թվով պաշտոնյաների նկատմամբ։

«Այստեղ դարձյալ քաղաքական-դիվանագիտական աշխատանքի անհրաժեշտություն կա։ Հունգարիան, որպես ԵՄ երկիր, ամեն առումով ջանքեր է գործադրում, որպեսզի չապահովի պատժամիջոցների վերաբերյալ որոշումների միաձայնությունը՝ պաշտպանելով Ադրբեջանին պատժամիջոցներից, սակայն այս ուղղությամբ ևս քայլերի հնարավորություն կա։ Անգամ, եթե ԵՄ-ում կա երկիր, որն այս պահին հովանավորում է Ադրբեջանի հանցագործությունները, մենք մեր հերթին կարող ենք ներգրավել ԱՄՆ-ին, Կանադային կամ մյուս երկրներին, որոնք անհատապես էլ կարող են միանալ պատժամիջոցների համակարգին»,- պարզաբանեց  մեր զրուցակիցը։

Նրա դիտարկմամբ՝ մեծ կարևորություն ունի նաև միջազգային իրավապաշտպան կառույցների ներգրավվածությունը, որոնք վերահսկման գործիքներ ունեն և կարող են առանձին դիտորդական հանձնառություններ իրականացնել Ադրբեջանում՝ տարբեր զեկույցներ ներկայացնելով իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ։ Որոշակի նշանակություն կարող են ունենալ նաև պայմանավորվածությունները։ Ակնհայտ է, որ այստեղ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչների ձերբակալությունները եղել են քաղաքական պատճառներով, ուստի պետք չէ բացառել, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակում, նաև միջազգային ճնշման ներքո, կներառվեն դրույթներ համաներումների առնչությամբ, որոնք կտարածվեն այս պահին Բաքվում պահվող հայերի նկատմամբ։

Անդրադառնալով տեղեկատվությանը, ըստ որի՝ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Ռուբեն Վարդանյանին, իրավապաշտպանն ասել է, որ օմբուդսմենն անկախ վարքագիծ չի դրսևորել հայ ռազմագերիների առնչությամբ և նրա այցելությունները կրել են ձևական, իմիտացիոն բնույթ։

«Նրա գործունեությունը զերծ չի պահել հարյուրավոր ռազմագերիներին սպանվելուց։ Կան արձանագրված դեպքեր, միջազգային հետաքննություններ, որոնք բացահայտել են, օրինակ, Սև լճի գնդակահարությունը, և մենք չենք տեսել, թե ինչպես մարդու իրավունքներից ելնելով՝ նույն օմբուդսմենն աշխատել է իր երկրի իշխանությունների հետ, որպեսզի հայերի նկատմամբ հանցագործություն կատարած անձինք ենթարկվեն պատասխանատվության և ընթանա քննություն, ինչը կբացահայտեր ատելության հողի վրա կատարված ծանր հանցագործությունները, ուստի որևէ անկախ ու արդյունավետ մեխանիզմ, ըստ Սահակյանի, չի կարող տրամադրվել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի կողմից»,-ասել է նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։