Պուտինը կայցելի Ղրղզստան

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հրավերով հոկտեմբերի 12-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը այդ երկիր։ Այս մասին տեղեկացրել է նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Մուրատբեկ Ազիմբակիևը։

Նրա խոսքով՝ գալիք այցի շրջանակում նախատեսված են բանակցություններ Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների միջև։ «Երկրների ղեկավարները կքննարկեն երկկողմ և բազմակողմ օրակարգի հրատապ հարցերը, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները»,- նշել է Ազիմբակիևը։

Նախատեսվում է նաև պետությունների ղեկավարների մասնակցություն Կանտ քաղաքում ՀԱՊԿ Ավիացիոն կայանի բացման 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։