Ի՞նչ կանի ԵՄ-ը, եթե Ադրբեջանը «միջանցք» բացելու համար հարձակվի Հայաստանի վրա․ Տոյվո Կլաարի հարցազրույցը՝ NEWS.am-ին

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բացառիկ հարցազրույց է տվել NEWS.am-ին՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախից հայության բռնի տեղահանմանը, կատարվածի պատճառներին և հնարավոր զարգացումներին, Ադրբեջանի դեմ Եվրամիության կողմից պատժամիջոցների կիրառման հնարավորությանը, հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված հնգակողմ հանդիպման հնարավոր արդյունքներին, ինչպես նաև այն հարցին, թե ինչ քայլերի կարող է դիմել Բրյուսելը, եթե Ադրբեջանը «միջանցք» բացելու նպատակով փորձի նորից հարձակվել Հայաստանի վրա։

Սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ճնշման տակ Ստեփանակերտի իշխանությունները ստիպված եղան կապիտուլյացիայի ենթարկվել և հայտարարեցին, որ 2024 թվականի հունվարի 1-ից չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այլևս գոյություն չի ունենա։ Լեռնային Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը ստիպված է եղել լքել հայրենիքը և փախչել Հայաստան՝ փրկելու իր կյանքը, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա»։ Եվրամիությունը դիտարկո՞ւմ է տեղի ունեցողը որպես էթնիկ զտում։

Մենք դատապարտել ենք ուժի կիրառումն ու Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք արել ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը։ Կարծում եմ՝ բոլոր կողմերի համար բավականին դժվար էր կանխատեսել, որ Ղարաբաղի ողջ հայ բնակչությունն ընդամենը մի քանի օրում կարող է հեռանալ։ Հայ բնակչությունն անվտանգության հետ կապված ողջամիտ մտահոգություններ ունի, և Բաքուն պետք է անդրադառնա այս խնդրին որպես առաջնահերթություն: Խոսքը միայն հանրությանն էական առաջարկ անելու մասին չէ, այն պետք է նաև վստահություն ներշնչի: Հասկանալի է, որ ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո մարդիկ վախեցան և որոշեցին հեռանալ։ Այժմ հարցն այն է, թե արդյո՞ք նրանցից ոմանք պատրաստ կլինեն վերադառնալ, և ի՞նչ պայմաններով: Մեզ համար կարևոր տարրերից մեկը կարող է լինել երկարաժամկետ բազմազգ առաքելության կամ Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի առաքելության տեղակայումը, ինչը կօգնի հավաստիացնել այն մարդկանց, որոնք կուզենան վերադառնալ։ Այս համատեքստում մենք հաշվի ենք առել 2023 թվականի հոկտեմբերի 1-ին Ղարաբաղում անցկացված ՄԱԿ-ի առաջին առաքելության փորձը։ Վերջապես, ինչ վերաբերվում է տերմինաբանությանը, այս հարցը թողնում եմ իրավաբանների հայեցողությանը։ Ինձ հետաքրքրում է այն, որ ստեղծվեն պայմաններ, որպեսզի ցանկացողները կարողանան վերադառնալ, պաշտպանված լինի մեկնածների ունեցվածքը, պաշտպանվեն մշակութային, կրոնական և պատմական հուշարձանները։

Անցած ամիսներին Բրյուսելն ու Վաշինգտոնը բազմիցս ընդգծել են, որ Ադրբեջանը պետք է անվտանգության և առանցքային իրավունքների հարցում լուրջ երաշխիքներ տրամադրի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն այս պահանջը, կարծես թե, ժամանակավրեպ է այլռւս, քանի որ հայերը բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից: Ինչո՞ւ Ադրբեջանի վրա էական ճնշում չգործադրվեց՝ հետ պահելու նրան ռազմական լուծման գնալուց և կանխելու հայերի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից։

Իսկապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդներից և ոչ մեկը չէր կարող կանխել այդ իրադարձությունները։ Ռուս խաղաղապահներն, ակնհայտորեն, ևս ի վիճակի չէին դա անել։ Ամռանը լարվածությունն աճում էր, և մենք սերտորեն ու ինտենսիվ կերպով գրեթե ամեն օր կապ էինք պահպանում Ադրբեջանի իշխանությունների, Հայաստանի իշխանությունների և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ դիվանագիտական ​​լուծումներ փնտրելու նպատակով: Բայց, ի վերջո, Ադրբեջանը որոշեց ուժ կիրառել, և ԵՄ-ն դա հստակ դատապարտել է։ Գնդակն այժմ Բաքվի դաշտում է, քանի որ պետք է հստակ հացաստիացումներ և ամուր երաշխիքներ տա հայ բնակչությանը, որպեսզի նրանք կա՛մ մնան, կա՛մ վերադառնան:

Ադրբեջանի նախագահը շարունակում է վստահեցնել, որ «ինտեգրման» շրջանակում ապահովվելու են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, սակայն Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման ենթարկված  Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստիպված է եղել լքել իր հայրենիքը, իսկ Լեռնային Ղարաբաղը, ամենայն հավանականությամբ, գործնականում հայաթափվելու է։ Այդ դեպքում ի՞նչ իրավունքների ու երաշխիքների մասին այժմ կարող է խոսք լինել։

Երբ նախագահ Շառլ Միշելը 2022թ․ մայիսին առաջին անգամ հրապարակայնորեն խոսեց այդ մասին՝ ընդգծելով «Ղարաբաղում էթնիկ հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը լուծելու անհրաժեշտությունը», Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հայեցակարգը դարձավ միջազգայնորեն կիրառվող եզրաբանություն։ Բոլոր խաղացողները, ներառյալ՝ Հայաստանը և Ադրբեջանը, սա ընկալեցին որպես ապագա համապարփակ կարգավորման առանցքային սկզբունք: Այսօր՝ հայերի զանգվածային գաղթից հետո, սա նույնիսկ ավելի արդիական է։ Մենք շարունակում ենք համոզված լինել, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքը՝ ապրելու այնտեղ, որտեղ նրանք միշտ ապրել են, պետք է երաշխավորվի, և պետք է ապահովվի նրա անվտանգությունը։ Կրկին՝ գնդակն այժմ ամբողջությամբ Բաքվի դաշտում է: Հիմա վճռորոշ ժամանահատված է, որը ցույց կտա, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն վստահությունը բարձրացնելու համար, որքանով դրանք արդյունավետ կլինեն և որքանով Բաքուն կկարողանա համոզել ղարաբաղցի հայերին վերադառնալ։ ԵՄ-ն ունի բազմաթիվ մոդելներ և պրակտիկա, որոնք թույլ են տալիս բնակչության տարբեր խմբերին խաղաղ ապրել միասին, և մենք միշտ պատրաստ ենք եղել դրանցով կիսվել Բաքվի հետ, քանի որ դրանք տեղին են և օգտակար։

Ադրբեջանը ձերբակալում է նախկին քաղաքական գործիչների և զինվորականների. առևանգվել և ձերբակալվել են նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, ԼՂ խորհրդարանի նախագահը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատարն ու փոխհրամանատարը, նախկին արտգործնախարարը։ Ի՞նչ դիրքորոշում ունի Բրյուսելն այս հարցում։

-Նախ՝ չեմ սիրում ենթադրություններ անել, թե ինչ կարող է լինել։ Ինչ վերաբերում է տեղի ունեցած ձերբակալություններին, մենք, իհարկե, մտահոգված ենք։ Մենք նախկինում համապարփակ համաներման կոչ ենք արել, և ես համոզված եմ, որ եթե կա ցանկություն հաղթահարելու ավելի քան 30 տարվա հակամարտության ժառանգությունը, ապա կարևոր է շրջել թշնամանքի էջը՝ խոսքով և գործով: Ադրբեջանում խորը սպիներ են մնացել այն բանից հետո, երբ տասնամյակներ շարունակ ստիպված են եղել հարյուր հազարավոր տեղահանվածների հյուրընկալել: Վառ հիշողություններ կան նաև 90-ականների մարտերի և 30 տարվա ավերածությունների մասին։ Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության փախուստը ցույց է տալիս նաև անվստահության, թշնամանքի և վախի խորությունը, որը կա, ինչպես նաև ցույց է տալիս, թե Բաքվի և Երևանի ղեկավարությունները որքան քրտնաջան աշխատանք պետք է անեն՝ բնակչության մեջ փոխելու այս խորն արմատավորված հայացքները: Հակամարտության ընթացքում բոլոր կողմերն են հանցագործություններ կատարել. որոշ մարդկանց ձերբակալելն ու հետապնդելը ոչ մի կերպ չի օգնի ազգերին շրջել էջը, այլ ծառայելու է հին վերքերը բորբոքելուն և նորերը ստեղծելուն։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ողջ հայությունն, ամենայն հավանականությամբ, կլքի Լեռնային Ղարաբաղը՝ կարելի՞ է արդյոք ԼՂ հակամարտության էջը փակված համարել։

-Ոչ։ Ինձ համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կփակվի, երբ բացվեն սահմանները, երբ մարդիկ վերադառնան իրենց տները, որտեղ էլ որ դրանք լինեն, և հայերն ու ադրբեջանցիները կկարողանան ազատորեն ճանապարհորդել միմյանց երկրներով և տարածքներով՝ ներառյալ Ղարաբաղը, և, միևնույն ժամանակ, իրենց ապահով զգան։

Բաքվի համար լուրջ հետևանքներ կլինե՞ն։ Արդյո՞ք ԵՄ-ն, օրինակ, մտածում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կամ էներգետիկ ոլորտում համագործակցությունը սառեցնելու մասին: Եթե ​​ոչ, ապա ինչո՞ւ։

-Բրյուսելում 2023թ․ սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ռազմական գործողությունից առաջ և հետո դիտարկվել և քննարկվել են մի քանի տարբերակներ։ Եվրամիությունը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումն այս հարցում։ Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն ղարաբաղցի հայերը, որոնք ցանկանում են վերադառնալ, կարողանան դա անել։ Մենք նաև շարունակում ենք մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Եվրամիությունը հնարավո՞ր է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը Գրանադայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։

-Սա անիրատեսական նպատակ է թվում. ես չեմ հավատում, որ այս պահին կողմերից որևէ մեկը դրան է ձգտում: Այնուամենայնիվ, այն, ինչն ի թիվս այլ բաների ակնկալում ենք տեսնել Գրանադայում հնարավոր հանդիպման արդյունքում, ամուր հանձնառությունն է խաղաղության գործընթացին, սպառնալիքից կամ ուժի կիրառումից հրաժարումն ու միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը: Խաղաղության պայմանագրի բուն տեքստի շուրջ քննարկումները պետք է հնարավորինս շուտ վերսկսվեն։

Պաշտոնական Երևանը զգուշացնում է, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին արտատարածքային միջանցքի բռնի պարտադրումը՝ միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով, բայց չի գտնվի վերջինի վերահսկողության տակ։ Ի՞նչ քայլեր կձեռնարկի Եվրամիությունը՝ նման «միջանցք» բացելու նպատակով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ նոր ռազմական գործողությունների դեպքում, եթե հնարավոր դիվանագիտական ​​ջանքերը ձախողվեն, ինչպես դա եղավ Լեռնային Ղարաբաղի դեպքում։

-Կրկին՝ ես չեմ ուզում ենթադրություններ անել։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ ապագա համաձայնագրերը չեն նախատեսում ոչ մի արտատարածքային կամ միջանցքային տարբերակ, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը բազմիցս ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այսպիսով, ցանկացած համաձայնեցված լուծում պետք է հարգի ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները։

-Ռուսաստանը պնդում է, որ ըստ առկա տեղեկությունների՝ Վաշինգտոնն ու Բրյուսելն ակտիվորեն համոզում են Երևանին դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), ակտիվացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, փոխել ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունն ու խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Արևմտյան երկրները, ըստ Մոսկվայի, ձգտում են Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Վերջին երկու տարում մենք բազմաթիվ նմանատիպ հայտարարություններ ենք տեսել մի շարք ռուս պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի կողմից։ Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքի իրավունքը, բայց ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել՝ այս հայտարարությունները որևէ հիմք չունեն․ և՛ դրանք, թե մենք ուզում ենք «որևէ մեկին դուրս մղել», և՛ այն հայտարարությունները, թե Ղարաբաղի հայերը մոռացվել են։ Ես բազմիցս հնարավորություն եմ ունեցել այդ մասին ուղղակիորեն խոսելու ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ, այդ թվում՝ Ժնևի միջազգային քննարկումների շրջանակում։ Երկրորդ կետի վերաբերյալ ես ևս կուզեի հղում անել նախագահ Պուտինի՝ 2020 թվականի հրադադարից հետո՝ մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արած հայտարարություններին։ Ինչ վերաբերում է առաջին կետին, ապա Հարավային Կովկասի երկրներն իրենք պետք է որոշեն, թե որ գործընկերներին են ցանկանում ընտրել։ Ո՛չ Եվրամիությունը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ որևէ երրորդ կողմ տարածաշրջանում «հենակետ» ունենալու կանխորոշված ​​իրավունք չունեն։