Արցախից բռնի տեղահանվածներից հաշվառված է շուրջ 29 հազար երեխա

Այսօրվա դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 հազար 625 անձ արդեն Հայաստանում է։ Նրանցից 95 հազար 711-ը, այսինքն բռնի տեղահանված արցախցիների 95 տոկոսը հաշվառվել է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնելիս ասաց Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Հաշվառվածների մեջ գերակշիռ մաս են կազմում երեխաները՝ շուրջ 29 հազար. 0-5 տարեկան՝ 7996, 6-19 տարեկան՝ 21 հազար 266։

Շուրջ 21 հազար դպրոցահասակ երեխաներից 4145-ն արդեն ընդգրկված են ՀՀ տարբեր կրթական հաստատություններում։

ՀՀ տարբեր առողջապահական  հասատատություններում շարունակում են բուժում ստանալ Արցախից տեղափոխած 345 բուժառու։ Նրանցից 102-ի վիճակը շարունակում է մնալ ծանր,  37-ինը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 9 երեխա։