Սուրենավանի համայնքապետի կողմից արցախցիների հասցեին հնչեցված սպառնալիքների վերաբերյալ հաղորդումը քննության առարկա է դարձվել

Դատախազությունն ընթացք է տվել Սուրենավան համայնքի վարչական ղեկավար Անի Վարդազարյանի կողմից արցախցիների նկատմամբ հնչեցված սպառնալիքների ու ատելության խոսք տարածելու վերաբերյալ ներկայացված հաղորդմանը։

Հիշեցնենք, որ Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանը սեպտեմբերի 30-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ սպառնալով հայրենազրկված, բռնի տեղահանված արցախցիներին՝ զրկել բոլոր տեսակի օգնություններից, որոնք կմասնակցեն ցույցերին։ Ընդ որում, Անի Վարդազարյանի հայտարարությունը ոչ միայն ատելություն և խտրականություն էր պարունակում արցախցիների նկատմամբ, այլև ճնշում՝ սահմանափակելու հավաքներին մասնակցելու նրանց իրավունքը։ Չնայած մեծ աղմուկին՝ դատախազաքննչական մարմիններն իրենց նախաձեռնությամբ վարույթ չեն նախաձեռնել։

Փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով վարույթ նախաձեռնել ու միջոցներ ձեռնարկել՝ առերեւույթ հանցագործությունները համակողմանի բացահայտելու համար։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։