Մասիսում հուղարկավորեցին Արցախում թշնամու կողմից սպանված 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին

Մասիսի քաղաքային գերեզմանատանը հուղարկավորեցին Արցախի Սառնաղբյուր գյուղում սպանված երկու եղբայրներին՝ 10-ամյա Միքայելին և 8-ամյա Նվերին:

Լրագրողների հետ զրույցում Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի դպրոցի տնօրեն Ժաննա Գաբրիելյանը պատմեց․ «Միքայելը 5-րդ դասարանում էր սովորում, Նվերը՝ 3-րդ դասարանում: Փոքր դպրոցը պահում էի, ատամներովս պահում էի, 6 աշակերոտվ դպրոց էի պահում: Ասում էի՝ մինչև վերջին աշակերտը ես դպրոցը պետք է պահեմ, ասում էի՝ զանգը ուժեղ խփեք, երեխեք, թուրքը լսի, ինչքան ուժեղ, այնքան ավելի լավ, որ այնտեղ՝ պոստում խլանա: Այդ օրը 6 աշակերտիս ուղարկեցի տուն, կարծելով, որ ամեն ինչ լավ պետք է լիներ։ Այդ օրը ժամը 11:00-ից կրակոցներ են եղել, սակայն այնքան էինք տարված եղել դասապրոցեսով, որ չենք լսել:

Տուն գնալուց հետո կրակոցներն ուժեղացել են։ Իրենց թաղամասը ներքևում է, մերը վերևում, դրա համար հրաշքով փրկվեցինք։

Գյուղացիները երեխաների հետ հավաքվել էին մի վայրում, որ պետք է պատսպարվեին, բայց թշնամին ոչ մի բանի չի նայում, թե անօդաչու էր, ինչ էր, գցեցին երեխաների մեջ ու այդ պահին զոհվեցին: Շատ երեխաների ծնողները Ստեփանակերտ էին գնացել»,- ասաց նա։

Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղում ադրբեջանական հարձակման հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից երեքը՝ երեխաներ։ 15-ը վիրավորվել են, 4-ի գերեվարել է թշնամին։